Ավստրալիայում վաճառքի է հանվել եզակի լիմուզին, որը պատրաստվել է Ferrari 360 Modena սուպերքարի հիման վրա: Խնջույքների համար շքեղ ավտոմեքենան կարելի է ձեռք բերել 400 000 դոլարով, հայտնում է Motor-ը:

Որպես հազվագյուտ լիմուզինի հիմք՝ ավստրալացի ինժեներները վերցրել են կարմիր Ferrari 360 Modena-ն, որն արտադրվել է 1999-2005 թվականներին: Իտալական սուպերքարը լիմուզինի վերածելու համար մոդելի թափքը երկու մասի են բաժանել: Այնուհետեւ ալյումինի եւ կարբոնային լրացուցիչ մասերի օգնությամբ մասնագետները «ձգել են» ավտոմեքենան, որպեսզի ութ մարդ կարողանա հարմարավետորեն տեղավորվել դրա մեջ:

Ավելի մեծ հարմարության համար ինժեներներն ուժեղացրել են մեքենայի կախոցը, ինչպես նաեւ փոխել են հետեւի դռների բացման մեխանիզմը, որոնք այժմ պատրաստված են «ճայի թեւի» տեսքով: Լիմուզինն ունի կաշվե նստարաններ, հեռակառավարմամբ երկու հեռուստացույց, ինչպես նաեւ մինի-բար եւ դիոդային լուսավորություն՝ երեկույթների համար:

Ferrari լիմուզինը հագեցած է 3.6 լիտրանոց V8 շարժիչով, որի հզորությունը 400 ձիաուժ է: Սակայն ավանդական «մեխանիկայի» փոխարեն սարքն աշխատում է նաեւ ավտոմատ փոխանցումով, որը ինժեներները վերցրել են Subaru Legacy GT-ից: