Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե թուրքական F-16 կործանիչները մոտեցել են Հայաստանի սահմանին՝ Երեւանից 56 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ պաշտպանության նախարարության խոսնակի բառացի գրառման՝ «ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։ Նախօրեին ռուսական աղբյուրները հայտնել էին, որ զորավարժանքի սցենարով ենթադրյալ հարված հասցնելու նպատակով թուրքական առնվազն 2 F-16 կործանիչներ մոտեցել են Հայաստանի սահմանին եւ հետ շրջվել, երբ մինչեւ Երեւան մնացել էր 56 կիլոմետր:

Հանրային կրքերը շարունակում են փոթորկվել կրթության չափորոշիչների շուրջ: Հայ գրականություն առարկայի թեման դեռ չսպառված, հիմա էլ պատմաբաններն են ահազանգում՝ հերթական անգամ հայտնվել ենք թուրք-եւրոպական հաշտեցման բազմամիլիոնանոց դրամաշնորհներով ծրագրերի ծուղակում: ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի բնորոշմամբ՝ չափորոշիչները խայտառակություն են, ծրագիրն էլ գաղտնի է պատրաստվել:

Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն էլ ընդգծել է, որ փաստորեն որոշ քաղաքական գործիչներ, պատմաբաններ գաղտնի կապի մեջ են մտել Թուրքիայի պատմաբանների, քաղաքական գործիչների հետ, արդյունքում ունենք 2 գիրք, որտեղ ասվում է՝ պիտի հաշտվենք ագրեսիվ հարևանի հետ:

Հանրության ուշադրության կիզակետում են նաեւ Սահմանադրական դատարանի թնջուկի շուրջ ծավալվող իրադարձությունները: Փաստորեն արդեն հայտնի են Բարձր ատյանի երեք ազատված անդամների երկու փոխարինողի անունները՝ կառավարությունը ներկայացրել է Վահրամ Ավետիսյանի, դատավորների ընդհանուր ժողովն էլ՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությունները: Նախագահ Արմեն Սարգսյանն իր թեկնածուին դեռ չի առաջադրել: Հայտնի չէ նաեւ օրեր առաջ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնակատարի՝ Հրայր Թովմասյանին ու Արեւիկ Պետրոսյանին՝ արձակուրդից հետ կանչելու արդյունքը

Հանրային աղմուկ է բարձրացել նաեւ Մաշտոցի պուրակում ծառահատումների առիթով:  «Հայկո ջան, սիրուն չի» արտահայտությամբ սոցցանցերը հեղեղած ակտիվիստներն ակնարկել են Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը Տարոն Մարգարյանին, ինչից հետո պուրակի կառուցապատումը դադարեցվել էր:  Շատերը հիշեցրել են, որ այն ժամանակ պայքարում էին նաեւ այսօր իշխանության մեջ հայտնված մարդիկ, այդ թվում Հայկ Մարությանը: Քաղաքապետարանի խոսնակը պարզաբանել է, որ հատված թեղիների տեղում 9 սոսի կտնկվի, որոնք 2-3 տարուց լուրջ ծառեր կդառնան:

Օգոստոսի 3-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 39102 է։ Անցած մեկ օրում COVID-19-ով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ: Վիրուսից մահացածների թիվը հասել է 762-ի։ Այս պահին բուժվում է 8251 մարդ:

71 տարեկանում կորոնավիրուսից մահացել է Հայաստանի նախկին պետնախարար, աշխարհահռչակ հնագետ Գրիգոր Արեշյանը: Նա պետնախարար եղել է 1991-1992 թվականներին, երբ գլխավորում էր Ռուսաստանի հետ բանակցություններում պետական պատվիրակությունը: Ավելի ուշ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, աշխատել իր մասնագիտությամբ։

Ոստիկանության լրատվական ծառայության նախկին երկարամյա ղեկավար Սայաթ Շիրինյանը, որը վերջերս հանրային հարթակ վերադարձավ իր ավտոտնակում դիմակ չդնելու համար ոչ անհայտ Դանիել Իոաննիսյանի հետ վեճից հետո, այսօր ասուլիսում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարն ընդամենը իմիտացիա է, եւ դրա քողի տակ իշխանությունը համատարած ոտնահարում է քաղաքացիների իրավունքները:

Գագիկ Ծառուկյանն օրերս հանդիպել է համավարակի պատճառով անգործ եւ առանց եկամտի մնացած երաժիշտ-կատարողների հետ՝ նրանց խնդրանքով։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի՝  երաժիշտներն ասել են, թե կանգնած են սեփական երկրում ապրել չկարողանալու խնդրի առաջ, իշխանությունն էլ այդ ուղղությամբ ոչինչ չի անում։ ԲՀԿ առաջնորդը խոստացել է գիշերուզօր  աշխատելով լուծումներ գտնել, մեղմել նրանց խնդիրները։ Ծառուկյանը  հանձնարարել է իր անվան հիմնադրամի փորձագետներին՝ ուսումնասիրել միջազգային փորձը, մշակել լուծումներ եւ ներկայացնել։

Քննչական կոմիտեն պարզում է Բերդի ոստիկանության վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հանգամանքները: Պայթյունը հնչել է անցած գիշեր ժամը 4-ին, վարչական շենքի հետնամասում՝ «Ծաղկանոց» կոչվող զբոսայգու տարածքում, պատճառել զգալի գույքային վնաս։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակի օղակ եւ դրա բաղկացուցիչ մաս։ 

Շաբաթ օրը զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Երեւանում. Ոստիկաններմ օրը ցերեկով կանգնեցրել են մի տղամարդու, որի ձեռքի ցելոֆանե տոպրակին արյան հետքեր են նկատել։ Տղամարդը փորձել է խորամանկել, սակայն ոստիկանները ստուգել եւ տոպրակի մեջ հայտնաբերել են կանացի գլուխ: Տղամարդը տեղում վնասազերծվել է եւ բերման ենթարկվել:

Պարզվել է, որ 58-ամյա Վահրամ Մեժլումյանը գլխատել է իրենից տասը տարով մեծ քրոջը եւ, դեռեւս անհայտ պատճառով, փորձել ազատվել նրա գլխից։ NEWS.am-ը պարզել է, որ նա աշխատել է դատաբժշկի սանիտար։ Նրա նախկին ղեկավարը մեր կայքին հայտնել է, թե հոգեկան շեղումներ չի ունեցել, երկու տարի առաջ նրան ազատել է ալկոհոլը չարաշահելու համար։ Քույրն էր նրան պահում, ասել է Դավիթ Հարությունյանը։

Միխայիլ Խաչատուրյանի ընտանիքի փաստաբանները հայտարարել են, որ վախենում են քույրերի վրեժից եւ որոշել են պետական պաշտպանություն հայցել: Փաստաբաններից Յուլիա Նիտչենկոն ասել է, թե վախենում է գտնվել նրանց կողքին: Նրանց 8-20 տարի ազատազրկում է սպառնում եւ նրանք կարող են ցանկանալ եւս մեկին իրենց հետ տանել»,-ասել է փաստաբանը: Յիշեցնենք, որ 2 տարի առաջ Ռուսաստանի, նաեւ Հայաստանի հանրությանը ցնցել էր 40-ից ավելի հարվածներով իրենց հորը 17-ից 19 տարեկան 3 քույրերի կատարած սպանությունը:

Գյումրին դարձյալ վերածվել է Վենետիկի։ Երեկ ուժեղ անձրեւներից կրկին հեղեղվել են երկրի երկրորդ քաղաքի փողոցները: Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ուժեղ անձեւ եւ կարկուտ էր եկել Գյումրիում` հեղեղելով  փողոցները եւ նույնիսկ տները: Հատկապես տուժել էին խարխուլ տնակներում ապրողները, որոնց մասին NEWS.amշարք էր պատրաստել:

Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանգստանում է Սեւանում։

Նրա կրտսեր որդին` Լեւոն Քոչարյանը իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նրանք երկուսով զբաղվում են վեյքբորդինգով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.50 դրամով եւ հասել  485.83 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.90 դրամով ու կազմել 570.56 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.91դրամով ու կազմել է 633.62 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել՝ 6.57 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց:

Օգոստոսի 4-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում եւս անձրեւ չի սպասվում: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +31+33: