Ֆրանսիան չի վավերացնի Հոնկոնգի հետ 2017 թվականի արտահանձնման պայմանագիրը այն բանից հետո, երբ Չինաստանն ընդունել է համաշխարհային ֆինանսական կենտրոնի ազգային անվտանգության մասին օրենքը, հայտնում է Reuters-ը:

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ Ֆրանսիան չի վավերացնի 2017 թվականի մայիսի 4-ին Ֆրանսիայի եւ Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի միջեւ կնքված արտահանձնման մասին համաձայնագիրը»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հոնկոնգի ազգային անվտանգության մասին օրենքը «փոփոխություն էր, որը սպառնալիքի տակ է դնում 1997 թվականին ժառանգված արտահանձնման շրջանակները», ինչպես նաեւ մարտահրավեր է նետում «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքին:

Հունիսին անվտանգության մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից Նոր Զելանդիան, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Գերմանիան արդեն դադարեցրել են Հոնկոնգի հետ արտահանձնման մասին պայմանագրերի գործողությունը: