Իսպանիայի նախկին միապետ Խուան Կառլոս I թագավորը հայտարարել է, որ հեռանում է երկրից՝ ֆինանսական սկանդալի պատճառով։

Թագավորական ընտանիքի կայքը հրապարակել է Խուան Կառլոսի նամակն՝ ուղղված իր որդուն՝ թագավոր Ֆիլիպ VI-ին, որում ասվում է. «Ես հայտնում եմ ձեզ այս ժամանակահատվածում երկրից հեռանալու իմ կշռադատված որոշման մասին», հայտնում է AP-ը։

Նա նշել է, որ որոշումը կայացրել է իր «անցյալի անձնական կյանքի որոշակի դրվագների հրապարակային հետեւանքների» պայմաններում:

Նա գրել է, թե ցանկանում է համոզվել, որ չի բարդացնում որդու վիճակը՝ հավելելով․ «Իմ ժառանգությունն ու արժանապատվությունը պահանջում են դա անել»: Նախկին միապետը չի նշել, թե ուր է գնում:

Նրա փաստաբանը հայտարարել է, թե չնայած այն հանգամանքին, որ նախկին թագավորը գտնվելու է Իսպանիայի սահմաններից դուրս, նա պատրաստ է համագործակցել հետաքննության հետ:

Այն ժամանակվանից, երբ  Իսպանիայի Գերագույն դատարանը այս տարի հետաքննություն է սկսել, իսպանական ԶԼՄ-ները հրապարակել են շվեյցարական մեկ այլ հետաքննության տվյալներ, ըստ որի՝ Խուան Կառլոսը միլիոնավոր եվրո է ստացել Սաուդյան Արաբիայի հանգուցյալ թագավոր Աբդուլլահից:

Իր կառավարման վերջին տարիներին սկանդալներից մտահոգված Խուան Կառլոսը 2014-ին հրաժարվեց գահից՝ հօգուտ իր որդի Ֆիլիպ VI-ի՝ կորցնելով Իսպանիայի սահմանադրությամբ իրեն ընձեռված անձեռնմխելիությունը։

Այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ Ֆիլիպը Սաուդյան Արաբիայից 65 միլիոն եվրո օֆշորային հաշվի շահառուն է, Ֆիլիպը հրաժարվեց ապագա անձնական ժառանգությունից, որը նա կարող էր ստանալ նախկին թագավորի կողմից: Ֆիլիպը նաեւ հորը զրկեց տարեկան 194 232 եվրո կենսաթոշակից:

Թագավորական պալատը հերքում է, որ Ֆիլիպն իմացել է իր հոր ենթադրյալ ֆինանսական խախտումների մասին: