Անցած 24 ժամվա ընթացքում բուլղարացի բժիշկները երկրում կորոնավիրուսով վարակման 204 դեպք են գրանցել` 85-ով ավել, քան նախորդ օրը: Նաեւ մեկ օրում մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել` 16 մարդ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 404-ի, երեքշաբթի հայտնել է Բուլղարիայի առողջապահության նախարարության միասնական տեղեկատվական պորտալը:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12159-ի, այդ թվում` 701 բուժաշխատող: 6 684 մարդ վերականգնվել է: Հոսպիտալներում կա 823 հիվանդ, նրանցից 43-ը ծանր վիճակում են, գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: Երկրում ընդհանուր 4.137 կորոնավիրուսի ախտորոշման թեստ է անցկացվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրի հիվանդանոցներում բժշկական անձնակազմի լուրջ պակաս կա: Վարակման հիմնական օջախներից մեկը գտնվում է Վառնի թաղամասի ծերանոցում, որտեղ կորոնավիրուսով վարակված բժշկի հետ շփվելուց հետո վարակվել է 102 մարդ (բնակիչների գրեթե կեսը), այդ թվում` ինը աշխատակից:
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են մարտի 8-ին: Մարտի 13-ից մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն էր գործում էր: Ներկայումս Բուլղարիայում պահպանվում է համաճարակաբանական արտակարգ ռեժիմը, որը երկարաձգվել է մինչեւ օգոստոսի վերջ: Երկրի բնակիչները պարտավոր են հեռավորություն պահպանել եւ պաշտպանիչ դիմակներ կրել փակ հասարակական վայրերում եւ տրանսպորտում: