Չնայած ԱՄՆ-ի հետագա պատժամիջոցների սպառնալիքին «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման կապակցությամբ` Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Փիթեր Ալթմայերը հույս է հայտնել, որ այս նախագծի շուրջ կոնֆլիկտը հնարավոր է կլինի մեղմել: «Մենք դեռ հույս ունենք, որ այդ պատժամիջոցներին գործը չի հասնի: Մենք դաշնային կառավարությունում միակարծիք ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի բանակցել` էսկալացիայից խուսափելու համար»,- ասել է նա dpa-ին տված հարցազրույցում:

Ըստ գերմանացի նախարարի` առանց Բեռլինի մասնակցության անհնար կլիներ տարիներ շարունակ ապահովել Ռուսաստանից գազի տարանցումն Ուկրաինայի տարածքով, հայտնում է DW-ն:

«Մենք այստեղ` այս նախարարությունում,  վճռական բանակցություններ ենք վարել: Հյուսիսային Գերմանիայում մենք տերմինալներ ենք կառուցում, որոնք մեզ թույլ կտան նաեւ ԱՄՆ-ից հեղուկացված գազ ստանալ եւ այն վաճառել Գերմանիայում»,- հիշեցրել է Ալթմայերը:  Այս առումով Վաշինգտոնը պատժամիջոցներ կիրառելու հիմքեր չունի, վստահություն է հայտնել նա:

«Բացի այդ, ես հույս ունեմ եւ ակնկալում եմ, որ բոլոր կողմերը կհետեւեն միջազգային իրավունքի նորմերին»,- հավելել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավարը:

ԱՄՆ-ն դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը: Նրանց կարծիքով` դա կբարձրացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: Բալթիկ ծովի հատակով խողովակաշարերի աշխատանքերը դադարեցվել են եվրոպական կապալառուների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերից: Պատժամիջոցներն այդ ընկերությունների ներկայացուցիչների համար Միացյալ Նահանգներ մուտքի արգելք են ներառում, ինչպես նաեւ` բոլոր ակտիվների սառեցում երկրում: