Ընտանիքների ներկայությունն այստեղ կօգնի, որ ավելի քիչ սադրանքներ լինեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում նշեց Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը։

«Ցանկալի է, որ գան ընտանիքներով։ Ընտանիքների այնտեղ լինելը կօգնի ավելի քիչ սադրանքներ լինեն ոստիկանության կողմից, ավելի քիչ այնպիսի գործողություններ կլինեն, որոնք պետք չի, որ լինեն, նաեւ կօգնի մարդկանց, որ իրենք ավելորդ չտաքանան, բացի դա՝ մեր կանայք ու երեխաներն ունեն նույն իրավունքներն ու պահանջը, Ամուլսարն իրենց սարն էլ է, այսօր մենք բոլորով պետք է իջնենք։ Ժամը երեքից սկսում ենք հավաքվել Ջերմուկի տաքսիների կանգառ կոչվող հրապարակում, երեքին հավաքվում ենք այստեղ, հինգին իջնում ենք Ամուլսար»,- ասաց նա։

Բունիաթյանն ասաց, որ եթե կառավարությունն ունի աշխատելու ունակություն, ապա այս հարցին պետք է կոնկրետ լուծում տա. «Որովհետեւ 2,5 տարի է այս վիճակն է ու օրեր առաջ մենք զգուշացրել ենք, որ այստեղ արյունահեղություն է զարգանում»։

Նշենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը: