Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել «չբացել Պանդորայի արկղը»՝ պահանջելով վաճառել TikTok հավելվածը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է վաճառել հավելվածը մինչեւ սեպտեմբերի 15-ը: Թրամփը հայտարարել է, որ հավելվածը դուրս կգա բիզնեսից, եթե այն չգնի Microsoft-ը կամ այլ ընկերություն:

«Եթե հետեւենք ԱՄՆ այդ սխալ տրամաբանությանը, ապա ամեն երկիր կարող է իր ազգային անվտանգությունը պաշտպանելու պատրվակով նմանատիպ միջոցներ ձեռնարկել ամերիկյան ցանկացած ընկերության նկատմամբ: ԱՄՆ-ը չպետք է բացի Պանդորայի արկղը, այլապես կփորձեն դրա դառը պտուղները»,-ասել է Վան Վենբինը:

Նա Վաշինգտոնին կոչ է արել լսել միջազգային հանրությանն ու ամերիկացի ժողովրդին եւ չքաղաքականացնել տնտեսական հարցերը: