Քաղաքի կենտրոնում ծառահատման փոխարեն կառուցապատման դադարեցման պրոցես է ընթանում, քանի որ կառուցապատողները գործում են այն ծրագրի շրջանակներից դուրս, որը հաստատվել էր, եւ գրանցվել է 4 արձանագրություն եւ տուգանքներ են սահմանվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով՝ շեղման աստիճանից կախված՝ շինարարության թույլտվություն կարող է ընդհանրապես չտրվել: «Այն տարածքում, որտեղ շինարարական աշխատանքներ են տարվել, 277 քառակուսի մետր տարածքով սրճարան է եղել որպես սեփականություն եւ 17 քառակուսի մետր տարածքով տաղավար՝ նույնպես որպես սեփականություն: 2018 թվականի մայիսի 16-ին նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում է ստորագրել, որի համաձայն՝ տարածքը մեծանում է մինչեւ 1048 քառակուսի մետր, իսկ վարձակալության ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2040 թվականի դեկտեմբերը: Ես հասել եմ նրան, որ չեղարկել եմ 277 եւ 17 քառակուսի մետր տարածքներով սեփականտության իրավունքը, կրճատել եմ տարածքը մինչեւ 300 քառակուսի մետր: Շինարարության թույլտվություն է տրվել, սակայն արդեն համայնքային տարածքներում: Դա լավագույն որոշումն էր, քանի որ տարածքը հետո կվերադարձվի համայնքի օգտագործմանը»,-հավելեց նա:

Հայկ Մարությանը նշեց, որ անցած տարի նա բնապահպանների խումբ է հավաքել եւ խնդրել ոչ կենսունակ ծառերի գույքագրում անցկացնել, որոնց թիվը եղել է 437, այն դեպքում, երբ այժմ դրանց թիվը ավելի քան 500 է:

Անդրադառնալով նախորդ իշխանությունների գործողություններին՝ քաղաքապետը պարզաբանեց, որ իրենք այդ ժամանակ խախտել են օրենքը, քանի որ պուրակում անօրինական կառուցապատում է անցկացվել: «Այսօր ես խիստ պայման եմ դրել. բոլոր կառույցները պետք է լինեն թեթեւ կոնստրուկցիաներից: Այն օրվանից, երբ ես քաղաքապետ դարձա, բոլոր իմ քայլերն ուղղված են եղել քաղաքն անօրինական կառույցներից ազատելուն: Այդպես էլ կշարունակվի: Այս ընթացքում շատ բան է արվել: Ես ակտիվ պայքարել եմ Մաշտոցի պուրակի համար եւ կշարունակեմ պայքարել: Այդ ժամանակ ես հաղթանակ տարա եւ այսօր ամրապնդում եմ հաղթանակը, սակայն ամեն ինչ պետք է օրենքի շրջանակում լինի: Եթե օրենքն ինձ թույլ տար նստել բուլդոզերի ղեկին եւ քանդել անօրինական կառույցները, ես հենց այդպես էլ կանեի»,-եզրափակեց քաղաքապետը: