ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը նախկին նախագահի գույքի կալանքի չեղարկման եւ նիստի հետաձգման հետ կապված նոր միջնորդություն է ներկայացրել:

Դատավորի հարցին, թե որն է նիստի հետաձգման պատճառը, փաստաբանը պատասխանեց, որ քննարկվող հարցը ենթադրում է սեփականության իրավունք, եւ մինչ այդ հարցը լուծելը այլ միջնորդություններ քննարկելը կազդի աշխատանքի արդյունավետության վրա:  

Փաստաբանը հայտնեց, որ խնդրում է հետաձգել նիստը փորձագետի դիմելու համար եւ գնահատելու գույքը՝ խոստանալով տվյալներ ներկայացնել հաջորդ նիստին:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը համաձայնեց այդ կարծիքի հետ:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը բացասական արտահայտվեց՝ հայտարարելով, որ հետաձգման պատճառն անհիմն է, իսկ միջնորդության կրկնակի դիտարկումը՝ տարօրինակ: Տուժած կողմի ներկայացուցիչները համաձայնեցին մեղադրանքի հետ:

Արամ Վարդեւանյանը նշեց, որ դատարանը կարող էր պարզապես չեղարկել քննիչի անօրինական որոշումը, սակայն դա չարեց՝ միջնորդության քննարկումը պայմանավորելով կարեւոր հանգամանքի՝ գույքի գնահատմամբ պարզաբանմամբ: «Պարզաբանման հարցը մեզ վրա ենք վերցնում»,-նշեց նա:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հիշեցրեց, որ փաստաբանները հնարավորություն ունեին գնահատել գույքը, սակայն րանց դիրքորոշումն այլ էր, եւ այդ պատճառով դատարանը նիստը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ փաստաբանները գույքի գնահատման հարցով իրենց գործողություններում սահմանափակված չեն: