Մենք այն ինչ-որ ասում ենք թուրքերի հետ համագործակցության մասին, դա վերաբերում է գրքերին՝ 2017-2019թթ․-ի, ոչ թե չափորոշիչներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

«Ամենամեծ խայտառակությունը 2017-2019թթ.-ի թուրքերի հետ հեղինակած գրքերն են։ Այս չափորոշիչները դրանց դեմ, ռուսերեն կասեն՝ «капля в море», սա ջհանդամ, գուցե դրանք փոխվեն, բայց արդեն սևով սպիտակի վրա գրված այդ գրքերում, երբ որ միակ արդարացումդ այն է, որ գիտեք, մենք այնպիսի մարդկանց հետ ենք գրել, որոնք ճանաչում են ցեղասպանությունը։ Ի՞նչ անենք, 80 միլիոնանոց երկրում, երբ 3 հոգի է գտնվել ու ցեղասպանությունը ճանաչել, պիտի ծնկի գա՞նք այդ թուրքերի առաջ, ամբողջ գերմանական ազգն է ծնկի գալիս հրեաների առաջ, որ ղալաթ ենք արել, որ ձեզ կոտորել ենք, ներող եղեք և մինչև հիմա հատուցում են դոլարներով։ Հիմա 3 թուրք եկել, Ծիծեռնակաբերդում ծաղիկ են դրել, ասում են՝ մենք այսպիսի մարդկանց հետ ենք համագործակցել»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։

NEWS.am-ի հետ զրույցում «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչների մշակման խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը անդրադառնալով պատմաբանների կողմից իր հասցեին հնչած մեղադրանքներին ասել էր, որ մինչև հիմա նրանց դատի չի տվել այն պարզ պատճառով, որ զբաղված է չափորոշիչներով, և հարգել է, որ նրանք իր դասախոսներն են եղել։

«Բայց այլևս չեմ հարգելու և չեմ հանդուրժելու»,- ասել էր նա։

Արձագանքելով այս հայտարարությանը՝ Աշոտ Մելքոնյանն ասաց.

«Ինքը եղել է իմ դիպլոմնիկը, Էդիկ Մինասյանի ասպիրանտը, մենք ենք իրեն աճեցրել և նման բան գաղտնի արել է, կանգնել և ասում է՝ ես եմ դատի տալու, դե տուր դատի, տեսնեմ՝ ո՞նց ես դատի տալու, ի՞նչն ես դատի տալու։ Գնացել թուրքերից փող ես ստացել, հիմա կանգնել ես ասում՝ քեզ դատի պիտի տամ։ Չեմ ուզում խորանալ, ջղայնացած և հուսահատ եմ, որ մեր աճեցրած կադրը վեր է կենում, նման բան ասում։ Ասում է՝ չափորոշիչների մեջ Հայկական լեռնաշխարհը կա։ Այդ տերմինը մտցրել են օտարները, գերմանացի ուսումնասիրող Հենրիխ Աբրիխն է մտցրել 19-րդ դարի կեսերին, մնում էր, որ չափորոշիչներում էլ Հայկական լեռնաշխարհը չլիներ, բայց թուրքերի հետ գրած գրքում գրել ես Անատոլիա և Կովկաս, ընդ որում՝ մի տեղ չէ, մի քանի տեղ»,- ասաց Աշոտ Մելքոնյանը։

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը հակադարձում է Լիլիթ Մկրտչյանին, թե, օրինակ, ինքը աշխատություններ ունի թուրքական սայթերում տեղադրված, թուրքական հրատարակչություններում տպագրված։ Մեզ հետ զրույցում տիկին Մկրտչյանն անդրադառնալով իր հասցեին հնչող մեղադրանքներին ասել էր, որ «դա նույն բանն է, որ ինքը հիմա պատմաբաններին մեղադրի ազգային դավաճանության մեջ, որովհետև իրենք նույնպես ունեն աշխատություններ թուրքական սայթերում տեղադրված, թուրքական հրատարակչություններում տպագրված»։

«Ուրեմն ես ոչ մի թուրքական հրատարակչություններում տպագրված գործ չունեմ, Համշենի վերաբերյալ հոդվածներ ունեմ թուրքերենով տպված, որոնք տպվել են Երևանում, թուրքերեն թարգամանաբար և այդ գրքերը հիմա թուրքերը հավաքում են, որ հանկարծ չընկնի համշենահայրեի ձեռքը, որ համշենահայերը չհասկական, որ իրենք ծագումով հայ են։ Խոսքը 2005թ․-ին Սոչիում կազմակերպված նյութերի մասին է, հիմա, եթե թուրքերենով ես աշխատություն ունեմ, դա եղավ , որ ես Թուրքիայում աշխատությո՞ւն եմ հրատարակել։ Այ քեզ բան»,- նշեց նա։

Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ մինչև թուրքերի հետ համագործակցելը Լիլիթ Մկրտչյանը կարող էր ավագ կոլեգաներին ասել, որ նման բան են ուզում անել, կարծիք հարցնել։

«Դուք գիտե՞ք, թե թուրքերն ինձ քանի անգամ են հրավիրել բանավեճի Հայոց ցեղասպանության թեմայով, մենք հրաժարվել ենք, որովհետև եթե գնանք բանավեճի մասնակցենք ցեղասպանության թեմայով, ակամայից հայտնվում ես ցեղասպանությանը կասկածողի կարգավիճակում։ Հրեաները երբեք բանավեճ չեն կազմակերպել գերմանացիների հետ Հոլոքոսթի վերաբերյալ, նրանք ասել են՝ այո, Հոլոքոսթը եղել է, եկեք բանավիճենք Հոլոքոսթի հետևանքների վերացման շուրջ։ Նույնը մենք մենք պետք է անենք և անում ենք, թուրքերին ասում ենք՝ դուք ընդունեք ցեղասպանությունը, հետո բանավիճենք դրա հետևանքների վերացման, հատուցման խնդիրների շուրջ»,- ընդգծեց նա։

Աշոտ Մելքոնյանը վիրավորվել է Լիլիթ Մկրտչյանի այն հայտարարությունից, թե պատմաբանները մանիպուլիացիա են անում։ Ընդգծում է՝ ի վերջո Լիլիթ Մկրտչյանի դասախոսն է եղել։

«Ինչպես ինքն է ասում՝ ես, Արտակ Մովսիսյանը, Էդգար Հովհաննիսյանը մանիպուլիացիա ենք անում և մամուլի ասուլիսներ ենք տալիս, այն ամբիոնը, որտեղ ինքն աշխատում է, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանի գլխավորությամբ, ինչո՞ւ է այդ ամբիոնը հայտարարությամբ հանդես եկել, իրենց փնովելով, որ նման բան եք արել, ինչո՞ւ Մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության և Հայոց պատմության ամբիոնները նման որոշում կայացրեցին միաձայն, ինչո՞ւ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրինությունը միաձայն նման հայտարարություն արեց, ինչո՞ւ մեր աշխատակից Լիլիթ Հովհաննիսյանը, որը չափորոշիչների խմբում ընդգրկվելու համար հայտ էր ներկայացրել և անմիջապես մերժվել էր, երեկ ելույթ ունեցավ և մանրամասն վերլուծեց այդ ամենը, այդքան մարդ սո՞ւտ է խոսում, բա մեկս սուտ խոսեինք, լավ»,- նկատեց նա։

Անդրադառնալով ֆեմինիզմի շուրջ քննարկումներին, Աշոտ Մելքոնյանն արձագանքում է․

«Եթե հայ պատմիչը պատրիարխիալ հասարակության կողմնակիցն է և մեզ հաղորդում է պատրիարխիալ հասարակության պատմություն, ես որտեղի՞ց գտնեմ ֆեմինիստական նյութ, երբ այնտեղ միայն Էրատո թագուհու անունն է տրվում։ Դրանից հետո Փառանձեմ թագուհու մասին կա խոսք, դա գրել ենք, Այծեմնիկի մասին կա, դա էլ ենք գրել, ազգային-ազատագրական շարժման մեջ Սոսե մայրիկի մասին ենք գրել, ինչ-որ եղել ,է դա ենք գրել։ Հետաքրքրին ի՞նչ է՝ Լիլիթ, քո ղեկավար Էդիկ Մինասյանը՝ Պատմության ֆակուլտետի դեկան, երկու գիրք է գրել հայ կինը ազատմարտում, գնայիր՝ ասեիր, պարոն Մինասյան, քո լավ գրած գրքերը ֆեմինիստական նկատառումներով, որ աշխարհը ծափահարի մեզ, մտցրեք դասագրքի մեջ, կհասկանայի, բայց դու գաղտնի քանի տարի աշխատել ես այդ գրքի վրա, և հրատարակել ես, ու մի հատ քո ուսուցչին չես հարցրել, կամ գնայիր քո դասախոս Արտակ Մովսիսյանին ասեիր՝ «Հայոց թագուհիներ» գիրք եք գրել, բերեք դա մտցնենք դպրոցական դասագրքերի մեջ։ Կարծես թե ինքը ֆեմինիզմի հարցերը ամբողջովին լուծել է, քննադատում է այն մարդկանց, որոնք ֆեմինզմի հարցերը իրականության մեջ բարձրացրել են»,- եզրափակեց նա։