ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց վկայի կարգավիճակով իրավահաջորդների եւ տուժողների հարցաքննության մասին:

Նա հիշեցրեց, որ մարտի 1-ի իրադարձությունների եւ մարդկանց մահվան փաստով քրեական գործեր են հարուցվել, որոնք հետագայում միավորվել են զանգվածային անկարգությունների մասին գործում: Մի քանի հարյուրավոր անձինք տուժող են ճանաչվել: Դրանք անձինք են, ովքեր իրադարձությունների ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել,նրանցից մի քանիսը նյութական վնաս է կրել:

2018 թվականին եւս մի քանի քրեական գործ է հարուցվել, դրանք եւս միավորվել են ընդհանուր գործում: Գործերի այդ խումբը վերաբերում է պաշտոնական անձանց, ովքեր մեղադրվում են սահմանադրական կարգի տապալման, լիազորությունների չարաշահման մեջ:  

2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր այդ գործերը միավորվել են ընդհանուր գործում: 288 տուժողներից 227-ը ընդհանուր գործով տուժող է ճանաչվել: Զոհվածների հարազատները ճանաչվել են իրավահաջորդներ 62202608 ընդհանուր գործով:

Ավելի ուշ դրանից առանձին վարույթ է ընդունվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ գործը՝ գործ համար 62202919: Տուժողները եւ իրավահաջորդները պահպանել են իրենց կարգավիճակը ընդհանուր 62202608 գործով, եւ 62202919 գործով ոչ մի կերպ չեն անցնում: Այն միտքը, որ նրանք չեն անցնում այդ գործով, հնչեցվել է դատախազության ներկայացուցիչների կողմից: Սակայն 62202919 գործով տուժողների ցուցակում են 10 զոհվածների եւ 102 տուժողների իրավահաջորդները: Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով են ընտրվել 102-ը, իսկ մնացածը չեն ընտրվել:

Փաստաբանը հիշեցրեց, որ ցուցակներում ներառվածները որեւէ կապ չունեն մեղադրանքի երկրոդ մասի՝ կաշառք ստանալու հետ: Ինչ վերաբերում է առաջին մասին՝ սահմանադրական կարգի տապալմանը, ոտնձգության միակ օբյեկտ կարող է լինել սահմանադրական կարգը, եւ դրա հետեւանքները վերաբերում են ՀՀ բոլոր քաղաքացիներին:

Մահվան հանգամանքներն ու իրադարձությունների հետեւանքները դիտարկվում են ՀՔԾ-ում հետաքննվող 62202608 գործի շրջանակում: Այն փաստը, որ քննիչը նրանց ներառել է ցուցակներում, նրանց 62202919 գործով տուժողի կամ իրավահաջորդի կարգավիճակ չի տալիս: Փաստաբանը հավելեց, որ իրավական առումով 62202919 գործով ցուցակում ներառված տուժողները ոչնչով չեն տարբերվում 62202608 գործով մնացած տուժողներից:

Փաստաբանը դատարանին ներկայացրեց 102 անուններ, որոնք ներառված են այդ գործով տուժողների ցուցակում եւ խնդրեց նրանց ներառել վկաների ցուցակում:    

Փաստաբանները համաձայնեցին իրենց գործընկերոջ հետ: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը նկատեց, որ միջնորդության անվանումը չի համապատասխանում բովանդակությանը, քանի որ իրականում խոսքը ոչ թե ցուցակի, այլ կարգավիճակի փոփոխության մասին է: Նա հայտարարեց, որ տուժողներից վնաս է հասցվել դատապարտյալների ենթադրյալ գործողությունների արդյունքում, այդ պատճառով նրանք պետք է տուժողի կարգավիճակ ունենան: Դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ կարգավիճակի փոփոխության հարցը կարող է քննարկվել համապատասխան փուլում: Տուժող կողմի ներկայացուցիչները միջնորդությւոնն անհիմն համարեցին:

Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 11-ին ժամը 13:00-ին: