ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Հուղարկավորությունը տեղի կունենա Երեւանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունը։

Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին Երեւանում: 1970 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչեւ 1987 թվականը: 1987-1991թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլոտում, հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում: Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվել է նաեւ երկրի կառավարման գործում՝ 1991-1992թթ. զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը, Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5 լեզուներով՝ 12 երկրներում:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր վշտակցությունն է հայտնել Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ՝ մասնավորապես նշելով. «Ցավում եմ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ: Հնագիտության ոլորտը մեծ կորուստ ունեցավ՝ ի դեմս աշխարահռչակ հնագետի եւ գիտնականի: Լիահույս եմ, որ նրա թողած ժառանգությունը նորովի կգնահատվի եւ կշարունակվի սերունդների կողմից»: