Virgin Galactic-ը հայտնել է, որ ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրանսոնը հաջորդ տարվա սկզբին կարող է, որպես առաջին ուղեւոր, իր առաջին թռիչքը կատարել դեպի տիեզերք: Սա կարող է ճանապարհ հարթել ապագա կոմերցիոն թռիչքների համար, գրում է HighTech-ը:

Ընկերությունը բազմիցս հետաձգել է առաջին զբոսաշրջիկների մեկնումը երկրի մթնոլորտից դուրս: Սակայն, ըստ Virgin Galactic-ի, 600 մարդ արդեն վճարել է 250 000 ԱՄՆ դոլար՝ իրենց համար տեղ ամրագրելու համար:

Virgin Galactic-ը երկուշաբթի օրը հայտարարել է, որ «ակնկալում է աշնանը երկու թռիչքով անցնել իր փորձնական թռիչքների ծրագրի հաջորդ փուլ»:

Ենթադրելով, որ երկու թռիչքները կցուցաբերեն սպասվող արդյունքները, Virgin Galactic-ը ակնկալում է, որ սըր Ռիչարդ Բրանսոնի թռիչքը տեղի կունենա 2021 թվականի առաջին եռամսյակում:

Բրիտանացի միլիարդատեր եւ ընկերության հիմնադիր Բրանսոնի ինովացիոն թռիչքը մեկնարկ կհանդիսանա Virgin Galactic-ի կոմերցիոն թռիչքների համար: