Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը կոտրել է Բուրջ Ամուդ անվանումով հայտնի հայկական թաղամասի տների պատուհանները եւ դռները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լիբանանում հրատարակվող հայկական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը:

«Մի քանի մարդ թեթեւ վիրավորվել է, բայց, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չկան»,- նշել է նա: Նրա խոսքերով՝ պայթյունը տեղի է ունեցել Բեյրութի նավահանգստում տեղակայված սիրիական զինամթերքի պահեստներին Իսրայելի օդուժի ավիահարվածի հետեւանքով:

Նշենք, որ պայթյունի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռեւս չկա: ՏԱՍՍ-ը հաղորդել է, թե Al Hadath հեռուստաալիքը չի բացառում, որ նավահանգստի տարածքին հրթիռային հարված է հասցվել: Միեւնույն ժամանակ, լիբանանյան պետական գործակալությունը հայտնել է, որ պայթյունի պատճառը կարող է պիրոտեխնիկայի պահեստում բռնկված հրդեհը լինել։