Մեկ ամիս առաջ, երբ ԿԳՄՍ նախարարութունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ դրեց «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման» կարգում փոփոխություններ ենթադրող՝ կառավարության որոշման նախագիծը, հրապարակումներ եղան, որ նախատեսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան հանել դպրոցական ծրագրից, ինչը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից։

NEWS.am-ի հետ զրույցում Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչ, գնդապետ Մանուկ Մանուկյանը նշում է, որ առարկայի ճակատագիրն այս պահին անորոշ է։

«Քննարկման փուլում է, բայց հավանականությունը մեծ է, որ առարկան ծրագրից դուրս չի գա»,- ասաց նա։

Ուսուցիչը օրինակներով է բացատրում, թե ինչո՞ւ պետք է «Ռազմագիտություն» առարկան դուրս չգա ծրագրից, և թե ի՞նչ է տալիս առարկան աշակերտներին։ Նա հիշեցնում է Արցախյան ազատամարտի տարիները, ու նշում, որ ֆիդայական շարժման մասնակիցներն իրենց հմտությունները ձեռք էին բերել առարկայի շնորհիվ։

«Այն ժամանակ հրացաններ կային, որոնք լցնովի էին, պետք է անպայման վառոդ լցնեիր։ էդ ո՞վ էր անում։ Դա կռվող ֆիդային չէ՞ր անում,  8, 9-րդ դասարանի երեխաները դա որտեղի՞ց գիտեին, «Ռազմագիտության» դասերից գիտեին։ Ինչի՞ էին գնացել մարտի դաշտ, hայրենասիրությունից մղված, հենց այնպես ոչ մեկը չէր գնա կրակին ընդառաջ, իսկ հայրենասիրությունը այդ առարկան է կարողացել սերմանել երեխայի մեջ»,- նշեց ուսուցիչը։

«Ռազմագիտություն» առարկան ուսումնական տարվա մեկ կիսամյակի ընթացքում 34 դասաժամ ունի, որից 2-ն է գործնականը։ Մանուկ Մանուկյանի դիտարկմամբ՝ այդ առարկայի համար 2 գործնական դասաժամը շատ քիչ է, պետք է  ավելանան։

«Կա շարային պատրաստության դաս, որը միայն գրքով չէ, երեխան պետք է քայլի ասֆալտին, չափենք այդ քայլը, որ կամաց-կամաց բերենք վաղվա զինվորին։ Եվ հարկավոր է, որ դրսում պարապմունքները լինեն սեպտեմբեր-հոկտեմբեր, ապրիլ-մայիս ամիսներին։ Տարեկան պլանի մեջ այս փոփոխությունը պետք է անել»,- ասաց նա։

«Ռազմագիտության» ուսուցիչն ընդգծում է՝ պարտադիր չէ, որ բանակ գնան, նոր զենքից օգտվել սովորեն, կարող են մինչև այդ էլ սովորել։

«Ինքս տարել եմ նրանց զորավարժարան, աշակերտները կրակել են «Կալաշնիկով» ավտոմատից, Դուք միայն տեսնեիք նրանց ուրախությունը, բացականեր ունեինք, հետո հաճախ հարցնում էին՝ պարոն գնդապետ, մենք հիվանդ ենք եղել, չենք կարողացել, բա մենք երբ ենք գնալու, խոստացել եմ՝  ձեզ էլ եմ տանելու»,- պատմեց նա։

Գնդապետ Մանուկյանը շեշտում է՝ այսօրվա սերունդը ուրիշ է, դա պայմանավորված է տարբեր հանգամանքներով, օրինակ՝ ապրիլյան պատերազմով,  Տավուշի վերջին գործողություններով։

«Շատ ընտիր են պահել իրենց զինվորները և բարձր մակարդակով, նաև սպայակազմը։ Հայի արժանի արդյունք է։ Այսօր մի տեսակ ուրիշ է սերունդը, մարդիկ կան փնովում են, ես դեմ եմ դրան։ Մեր ազգի մեջ կա, չէ՞, որ փնովելու սովորություն ունենք, չգիտեմ, դա երևի հիվանդություն է, որը պետք է բուժվի։ Այս սերունդը սովորող է, և դրան շատ նպաստել են մի քանի կազմակերպություններ, օրինակ՝ Թումոն»,- ասաց նա։

Մանուկ Մանուկյանը կարևորում է նաև, որ աշակերտները կարողանան այցելել զորամասեր, ռազմական ուսումնական հաստատություններ, շփվեն զինվորների հետ։

«Այսօրվա պատանին փախնող չէ բանակից, ավելի պատասխանատվությամբ կշփվի, կոգեշնչվի այդ հանդիպումներից։ Աղջիկները գալիս են մոտս, ցուցակագրվում, ասում են՝   մենք էլ ենք ուզում այցելել,  իրենց զենք բռնելը պետք է տեսնեք, հուզվում եմ նույնիսկ այդ ամենից, լավ եմ զգում։ Տարբեր դարաշրջաններում կին աշխարհազորայիններ են կանգնել տղաների կողքին, կռվել։ Այս երեխաներն էլ ունեն նույն հայրենասիրությունը այսօրվա ժամանակշրջանում»,- ընդգծեց պարոն Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։