Բեյրութում այսօր տեղի ունեցած ուժեղ պայթյունից հայ է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳՆ-ը անուն չի հայտնում, սակայն ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով Imlebanon-ին, հաղորդել էր, որ Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը մահացել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ստացած վերքերից:

«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների եւ տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան եւ մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։ Պայթյունից մասնակիորեն վնասվել է նաեւ Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը»,– ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում:

Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են առնվազն 10 զոհի մասին, սակայն դեռեւս պաշտոնական տվյալներ չկան: