Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Լիբանանի նախագահ Միշել Աունին` Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի եւ զանգվածային ավերածությունների կապակցությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանում կիսում են լիբանանյան ժողովրդի վիշտը: Խնդրում եմ փոխանցել կարեկցանքի եւ աջակցության իմ խոսքերը զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, ինչպես նաեւ արագ ապաքինման մաղթանքները բոլոր տուժածներին»,- ասել է Պուտինը:

Երեքշաբթի օրը հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Վերջին տվյալներով` պայթյունի զոհ է դարձել առնվազն 78 մարդ, վիրավորվել է 4 հազար մարդ: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել: