Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժել է Լիբանանում Միավորված ազգերի կազմակերպության ժամանակավոր ուժերի (UNIFIL) ծովային օպերատիվ խմբի նավը, որը կանգ էր առել Բեյրութի նավահանգստում, վիրավորվել է մի քանի ծովային խաղաղապահ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով կազմակերպության հաղորդագրությունը:

«UNIFIL-ը վիրավոր խաղաղապահներին ուղարկում է մոտակա հիվանդանոցներ` բուժման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ կազմակերպությունն իրավիճակի գնահատման աշխատանքները է տանում, այդ թվում` ազդեցության մասշտաբների իր աշխատակազմի վրա, եւ պատրաստ է օգնություն եւ աջակցություն ցուցաբերել Լիբանանի կառավարությանը:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում: Պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Վերջին տվյալներով` պայթյունի զոհ է դարձել առնվազն 78 մարդ, վիրավորվել է 4 հազար մարդ: Լիբանանի մայրաքաղաքն աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել: