Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։

Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»,-գրել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստացված վնասվածքներից մահացել է Լիբանանի «Կաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը: Լիբանանի ԶԼՄ-ները հայտնել են հիվանդանոցի փլատակների տակ երիտասարդ բուժքույր, հայուհի Զեսիկա Բեզժյանի մահվան մասին:

Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման եւ բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են 78 զոհի մասին, մոտ 4000 մարդ վիրավոր է: