Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Այսպիսի տվյալներ է չորեքշաբթի օրը հրապարակել Sky News Arabia-ն` վկայակոչելով Լիբանանի Կարմիր խաչը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր 78 զոհի մասին:

Հեռուստաալիքի տվյալներով` տուժածների թիվը գերազանցել է 4 հազարը:

Երեքշաբթի օրը հզոր պայթյուն էր տեղի ունեցել Լիբանանի ռազմածովային բազայի մերձակայքում գտնվող Բեյրութի նավահանգստի տարածքում:

Պայթյունի ալիքը ոչնչացրել եւ վնասել է տասնյակ տներ, ավտոմեքենաներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում կոտրվել են շինությունների ապակիները:
Քաղաքային հիվանդանոցները գերծանրաբեռնված են, եւ զոհերին ուղարկում են Բեյրութի ծայրամասեր:

Փլուզվել են նավահանգստի մերձակայքում գտնվող շենքերի ֆասադները, վնասվել են տներն ու գրասենյակներն ամբողջ քաղաքում: Վնասվել է Ռուսաստանի դեսպանատան շենքը, վիրավորվել է աշխատակիցներից մեկը: Նաեւ հաղորդվում է այլ դիվանագիտական ​​ներկայացուցչությունների շենքերի, այդ թվում` Ֆինլանդիայի դեսպանատան շենքի վնասման մասին, որը գտնվում է պայթյունից երկու կմ հեռավորության վրա:

Երկրում համացանցն աշխատում է ընդհատումներով. դեռ չի հաղորդվում` արդյոք խնդիրները կապված են պայթյունի հետ, թե ոչ:

Միջադեպի հետեւանքով զոհվել է լիբանանյան Քաթաիբ կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը: Տուժել են Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի ընտանիքն ու խորհրդականները: Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է ՄԱԿ-ի 48 աշխատակից: Վիրավորվել է նաեւ Կիպրոսի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը: Պայթյունը համարժեք է 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժի, նշել են հորդանանյան սեյսմոլոգները: Դրա ցնցումները զգացվել են նույնիսկ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում` Բեյրութից 250 կմ հեռավորության վրա:

Բեյրութն աղետի գոտի է հայտարարվել: Քաղաքում երկու շաբաթով արտակարգ դրություն է հայտարարվել: