Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին:

«Խորապես ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթունի լուրից: Այս ողբերգությունը խլեց բազում կյանքեր և դարձավ հսկայական ավերածությունների պատճառ:

Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և եղբայրական Լիբանանի ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Այս ծանր պահին պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել եղբայրական Լիբանանին»,-ասված է նախագահ Սարգսյանի հեռագրում:

Ավելի ուշ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ:

Նախագահը հետաքրքրվել է նախօրեին Բեյրությում տեղի ունեցած հուժկու պայթյունի մանրամասներով՝ իր խորին մտահոգությունը հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանն իր անհանգստություն է հայտնել պայթյունից տուժած հայահոծ Բուրջ Համուդ թաղամասի իրադրության, Մայրավանքի կրած վնասների և լիբանանահայ մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ:

Հանրապետության նախագահն իր ցավակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ պայթյունի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ, որոնց թվում նաև մեր հայրենակիցներ կան: Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել պայթյունից վիրավորված մեր հայրենակիցներին:

Իր զորակցությունը հայտնելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին և, ի դեմս նրա, լիբանանահայ գաղութին` նախագահ Սարգսյանը նաև աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Նախագահը վստահություն է հայտնել, որ բազում փորձությունների միջով անցած և դրանք հաղթահարած լիբանանահայերը, Լիբանանի ողջ բարեկամ ժողովրդի հետ միասին կկարողանա հաղթահարել նաև այս ծանր փորձությունը: