Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի նախագահ, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին համոզված է, որ իր դեմքը չի վերանա եվրոպական ռադարներից, բայց Վրաստանն այս տեսանկյունից մեծ վտանգի մեջ է: Այս մասին նա հայտարարել է TV Pirveli-ին տված հարցազրույցում` քննարկելով աշնանը սպասվող ընտրությունները, հայտնում է ՈՒՆՆ-ն:

«Ես կարող եմ Եվրոպայի խոշորագույն երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու դառնալ: Կարող եք ծանոթանալ ուկրաինական մամուլին եւ ինքներդ համոզվել դրանում: Ես շատ կարեւոր դեր ունեմ Ուկրաինայում: Ուստի խոսել ինչ-որ մեկին իմ թեկնածությունը պարտադրելու մասին զվարճալի եւ տարօրինակ է: Մենք պետք է խոսենք ոչ թե այդ մասին, այլ այն փաստի մասին, որ Վրաստանը կվերանա որպես երկիր: Իվանիշվիլին ցանկանում էր, որպեսզի Սաակաշվիլին անհետանա աշխարհի ռադարներից: Ես շատ հստակ ներկայացված եմ աշխարհի բոլոր ռադարների վրա, եւ Վրաստանն այլեւս չկա այնտեղ: Ի տարբերություն գավառական քաղաքական գործչի` իմ երկիրը վեր է իմ համեստ անձնից»,- ասել է Սաակաշվիլին:

Նախկին նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ անհրաժեշտ է մոբիլիզացվել եւ արագ գործել` առաջիկա ընտրություններում Իվանիշվիլին «վերջ տալու» համար:

Հիշեցնենք, որ հուլիսին Վրաստանի արտգործնախարարությունը կանչել էր Ուկրաինայի դեսպանին ` «կառավարության ոչ լեգիտիմության մասին» Սահակաշվիլիի խոսքերի պատճառով: