Ջերմուկը հրաշք է, եթե Ամուլսարի հանքը շահագործվի,  էլ չենք գալու Ջերմուկ հանգստանալու: Այսօր՝ օգոստոսի 5-ին, NEWS.am-ը հարցախույզ է անցկացրել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը Ամուլսարի հանքի շահագործման, առողջարանին և հարակից այլ տարածքներին սպառնացող վտանգների մասին:

«Բնության պահպանությունն ավելի կարևոր է, քան այն պատճառները, ինչի համար ցանկանում են հանքը շահագործել, եթե պետք է այս հրաշք բնությունը տուժի, ապա դա անթույլատրելի է»,- ասաց Ջերմուկում հանգստանալու եկած քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ հանգստացող քաղաքացի էլ ասաց, որ ամեն տարի 5-7 օրով գալիս են առողջարան, այս տարի մտավախություն ունեն, որ եթե շահագործեն հանքը, առաջ եկող խնդիրները բացասական կանդրադառնան առողջարանի վրա. «Դա ֆիզիկա է, բոլորը պետք է գիտակցեն, որ ինչպես էլ սարը պայթեցնեն, միևնույնն է, աղտոտված օդը տարածվելու է, էլ ի՞նչ առողջարան, եթե կողքը պայթյուններ են տեղի ունենում, իսկ ծանր մետաղները մարդու օրգանիզմի համար բոլորս գիտենք՝ ինչ դեր կարող են ունենալ, իսկ հարակից շինությունները՝ այս սիրուն շենքերը, կդառնան պարզապես հուշարձաններ»,- ասաց նա:

«Ամուլսարը պայթեցնելու ժամանակ պետք է կառավարության անդամները գան փոշեկուլներով քաշեն այդ աղտոտված օդը, հնարավո՞ր է: Միևնույն է, որքան էլ լոլո կարդան, բոլորս էլ հասկանում ենք, որ առանց վնասների չի լինելու այդ հանքի շահագործումը»,- հավելեց մեկ այլ քաղաքացի: