Եկեք արձանագրենք, որ Կառավարությունն իր որոշումը կայացրել է, որ Ամուլսարը պետք է շահագործվի. այդ մասին է խոսում նրանց լռությունը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, Ամուլսարում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

«Եկեք արձանագրենք, որ Ամուլսարի պաշտպանները մինչեւ վերջ պայքարելու են, թե ինչի կհանգեցնի պայքարը, կարող ենք վատագույն սցենարները պատկերացնել, բայց դրա պատասխանատուն իշխանությունն ու կառավարությունն է, եւ նման բան չպետք է թույլ տան, որովհետեւ այդ մարդիկ իշխանությունից սպասելիքներ ունեն, քանի որ իրենց տրվել են խոստումներ, ասել են այստեղ աշխատանքներ չեն իրականացվելու»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք հանդիպում եղե՞լ է «Իմ քայլը» խմբակցության անդամների եւ Ամուլսարի պահապանների միջեւ, Անի Սամսոնյանն ասաց, որ ամիսներ առաջ հանդիպում եղել է. «Ինձ փոխանցեցին, որ  հանդիպում է եղել եւ համոզել են , որ բացեն ճանապարհը եւ թույլ տան «Լիդիանը» աշխատանքներ իրականացնի, ինչը բարկացրել է Ամուլսարի պաշտպաններին. որովհետեւ մի այլ բան է խոստանում ընտրություններից առաջ եւ մեկ այլ բան են համոզում ընտրություններից հետո, որը կամքի բացակայություն է, պարզապես»։

Սամսոնյանը նշեց, որ իրենք այս խնդրի վերաբերյալ մանրամասն փաստարկել են իրենց անվստահությունը. «Մենք ասել ենք, որ եթե կարող եք համոզել մարդկանց, որ կլինի այնպիսի փորձաքննություն, որ ռիսկերը կարող ենք կառավարել, փորձենք դա քննարկել: Խոսելով տեղացիների հետ՝ հասկանալի է դառնում, որ իրենց որեւէ փորձաքննություն չի համոզելու, քանի որ մարդիկ նույնիսկ չեն ուզում գնեն այն ապրանքը, որը Գնդեվազից է: Սրանք հետեւանքներ են, որ մենք փաստում ենք եւ ինչ հետեւանքներ կարող են լինել շահագործումից հետո` թե Կառավարությունը, եւ թե որեւէ փորձագիտական ընկերություն չի համոզել, որ կարող է լինել կառավարելի»։