Կանադան առանձին պայմանագրեր է կնքել Pfizer Inc-ի եւ Moderna Inc-ի հետ` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի միլիոնավոր չափաբաժինների մատակարարման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:

Գնումների նախարար Անիտա Անանդը հայտնել է, որ Օտտավան «ինտենսիվ բանակցություններ է վարում» պատվաստանյութերի մի շարք այլ տեղական եւ միջազգային հավանական մատակարարների հետ:

«Մենք բոլորս արծաթե փամփուշտ ենք ուզում, բայց, ցավոք, այն չկա»,- ասել է Անանդը:

Բոլոր հավանական պատվաստանյութերը պետք է հավանության արժանանան Կանադայի առողջապահության նախարարության կողմից, ասել է Անանդը՝ հավելելով, որ իր գերատեսչությունը Կանադայում պատվաստանյութերի արտադրության եւ փաթեթավորման վերջին փուլերի համար անհրաժեշտ սարքավորումներ է գնել:

Անանդը Pfizer-ի եւ Moderna-ի փորձնական պատվաստանյութերը բնութագրել է որպես «շատ հեռանկարային», սակայն նշել է, որ դեռ շատ աշխատանք կա կատարելու: