Բեյրութում նախօրեին հուժկու պայթյունի հետեւանքով 6 հայ է զոհվել:

Պայթյունից մահացածներն են` Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը,  Ժագ Պարամագյանը, Դելիա Փափազյանը, Վարուժան Թոսունյանը, Կայա Ֆուտուլյանը:

Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը մահացել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ստացած վերքերից, հայտնում է Imlebanon-ը:

Պայթյունից զոհվել է բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, ով պայթյունի ժամանակ եղել է նավահանգստի մոտ գտնվող Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում, նա մնացել է փլված առաստաղի տակ: Հիվանդանոցը շատ մոտ է գտնվել նավահանգստին: Նա ավարտել էր Մեսրոպյան վարժարանը, նաեւ հիվանդապահների միության անդամ էր: Այս մասին հայտնում է Arevelk.am-ը:

Ժագ Պարամագյանը Փարանջյան-Արսլանյան ճեմարանի շրջանավարտ է:Հայտնում է Arevelk.am-ը:

Դելիա Փափազյանը երկու երեխաների մայր էր, նա բնակվում էր նավահանգստին շատ մոտ գտնվող թաղամասում: Հայտնում է Arevelk.am-ը:

Վարուժան Թոսունյանը  60 տարեկան էր, մահացել է Մար Մխայել հայաշատ շրջանում: Հայտնում է Arevelk.am-ը:

Կայա Ֆուտուլյան մահացել է Բեյրութի Էշրէֆիյե շրջանում, արվեստի սիրահար է եղել եւ մոր հետ գեղանկարչական արվեստի ցուցասրահ է ղեկավարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Սագո Արյանը:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով 100–ից ավելի մարդ է զոհվել, իսկ 4000–ից ավելի մարդ վիրավոր է: Այսօրվանից Լիբանանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ Բեյրութը ճանաչվել է աղետի գոտի։

Պայթյունի հետևանքնով նյութական մեծ վնասներ է կրել նաեւ Անթիլիասի Մայրավանքը։ Մասնավորապես վնասվել են Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։