Ամուլսարում բողոքի ակցիան այսօր ավարտվեց:

 Ակցիայի մասնակիցները գնացին տուն` խոստանալով վաղը նորից հավաքվել եւ շարունակել բողոքի ակցիան:

Նշենք, որ մինչ այս ակցիայի մասնակիցները նստացույց էին անցկացնում: Մեծ թվով ոստիկաններ հսկում են խաղաղ բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ երեկ առավոտից Ամուլսարում իրավիճակը լարված է եղել, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձում էին տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։ Ակցիայի ընթացքում 14 քաղաքացի էր բերման ենթարկվել, որոնցից 4-ը խուլիգանության կասկածանքով. նրանք պահնորդական խմբից էին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։

Նույն քրեական գործի շրջանակներում ավելի ուշ նշանակվեց նաեւ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համալիր փորձաքննություն, որի իրականացումը հանձնարարվեց «ԷԼԱՐԴ» ընկերությանը։

Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների եւ բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։