Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ ցավակցել մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորվածներին: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լիբանանը Հայաստանին ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է քսաներորդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել սփյուռքի կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն: Այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Հայաստանի Հանրապետությունը օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում: Մենք ուժերի ներածի չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: ՀՀ կառավարությունը, ԱԳՆ-ի և սփյուռքի հանձնակատարի գրասենյակի  միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ: Հստակեցվում են հիմնական կարիքները, որոնց շրջանակներում էլ ՀՀ կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով»,- ասաց նա:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ բոլոր նրանք համար, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ հիմնադրամի կայքում:

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի և եղբայրների կողքին և ամեն ջանք կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ առաջիկայում սփյուռքի հարցերով հանձնակատարը կմեկնի Բեյրութ՝ տեղում հայ համայնքի կարիքներին ծանոթանալու համար:

Քննարկեցինք ու որոշեցինք, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն առաջիկայում սպասվելիք ինքնաթիռի հետ կմեկնի Բեյրութ մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ տեղեկացնելու համար: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին ասաց, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ինքնաթիռի մի քանի տարբերակներ են քննարկվում. «Կարծում եմ, որ այսօր մինչև օրվա վերջ կունենանք օգնության չափաքանակն ու տեսակը, կլինեն նաև ժամկետների մասին որոշումներ: Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի կունենա շաբաթ օրը»: