Մեքսիկայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) իր ստեղծման օրվանից արդեն 75 տարի անդամ-պետություններին կոչ է անում գտնել հակամարտությունների լուծման խաղաղ ճանապարհ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: ՄԱԿ-ն իր կանոնադրությամբ, որպես կարեւորագույն սկզբունքներից մեկը, հաստատել է «խաղաղության եւ միջազգային անվտանգության պահպանումը»:

Հայաստանն ու Ադրբեջանը 20-րդ դարի վերջից հակամարտության մեջ են, ինչը հանգեցրել է լուրջ ճգնաժամի եւ բազմաթիվ կյանքեր է խլել:

2020 թվականի փետրվարին Մյունխենի անվտանգության 56-րդ համաժողովում կողմերին հաշտեցնելու նոր փորձ արվեց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստարկներ փոխանակեցին հակամարտության հնարավոր լուծման վերաբերյալ: Անկասկած, հուլիսի 12-ին սկսված երկկողմանի գրոհների պատճառով երկու պետությունների միջեւ առճակատումը վերսկսվեց:

Միջազգային հանրությունը ներկայում առավել խոցելի է վիճակում է՝ COVID-19 համաճարակի պատճառով, որը սանիտարական, տնտեսական եւ սոցիալական վնաս է հասցնում աշխարհի բոլոր մասերում:

Այս իրավիճակի կապակցությամբ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը 2020 թվականի հուլիսի 1-ին ընդունեց 2532 բանաձեւը, որով «զինված հակամարտության մեջ ներքաշված կողմերին կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները... գիտակցելով, որ հակամարտության իրավիճակներում բռնության եւ անկայունության պայմանները կարող են ավելի խորացնել իրավիճակը եւ, հակառակը, համաճարակը կարող է խորացնել հակամարտության հումանիտար բացասական ազդեցությունը»:

Հետեւաբար, 64-րդ գումարման Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ զինված հակամարտության խաղաղ կարգավորման հստակ կոչ է անում՝ առաջնահերթություն տալով բնակչության բարեկեցությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը՝ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված վերոնշյալ բանաձեւի հիման վրա»: