Երեկ մի շատ տարօրինակ իրավիճակ հետ եմ բախվել. ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում: Այս մասին կառավարության  նիստում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ այնպես էր ստացվել, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մի աշխատանքային քննարկման, ես հետաքրքրվեցի, թե ինչն է պատճառը, որ օտարերկրյա ներուժ են ներգրավում և պարզվեց, որ այն խնդիրը, որը արձանագրել ենք 2018 թվականին, երբ մի կողմից ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից՝ աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ուեննալ»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ մասնավորապես «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչը ասում էր, որ երկու օրից Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ մոտավորապես 200 աշխատակցով և աշխատուժ ներգրավվելու հետ կապված դրությունն այնքան էլ լավ չէ:

«Նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ թվում է, որ ամեն աշխատատեղ պետք է մեծ պահանջարկ ունի, բայց ունենք այսպիսի խնդիր և սա ռազմավարական խնդիր է ու պետք է մտածենք, թե այս խնդիրը ինչպես ենք լուծում: Ես գիտեմ, որ հիմա այս խոսքից հետո կհնչեցնեն բազմաթիվ փաստարկներ, այդ թվում՝ աշխատավարձի ցածր լինելու մասին, բայց ես չեմ կարծում, որ որևէ աշխատավարձ կա, որը ցածր է զրոյից»,-ասաց նա և նշեց, որ ընկերության ներկայացուցիչը ասել է, թեև ինքը չի ստուգել օտարերկրացիները աշխատում են օրը 5 հազար դրամով, բայց 8-10 հազար դրամով տեղում աշխատուժ գտնել չեն կարողանում: