Նոր կորոնավիրուսի համավարակից պաշտպանվելու համար օգտագործվող դիմակները եւ ձեռնոցները ոչնչացնելու համար հակաբակտերիալ տարաներ կհայտնվեն Ռուսաստանում: Առաջին նման սարքերը կտեղադրվեն Սոչիի «Ռոզա Խուտոր» հանգստավայրում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ռոստեխ»-ին։

««Ռոստեխ» պետական ընկերության «Ռոսխիմզաշչիտա» կորպորացիան սկսել է հակաբակտերիալ տարաների տեղադրումը հյուրանոցներում, սննդի կազմակերպություններում եւ այլ հասարակական վայրերում անձնական պաշտպանիչ միջոցների հատուկ համակարգով հավաքման եւ հեռացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պողպատե տուփի ներսում ամրացված է հերմետիկ տարա՝ առանց քլորի եւ առանց սպիրտի ախտահանող միջոցով։ Սարքը ստեղծվել է «Ռոշխիմզաշչիտա»-ի կողմից՝ «Էկոբոքս» ընկերությունների խմբի հետ միասին: Հատուկ բաղադրությամբ լուծույթով ախտահանելուց հետո դիմակները ամբողջությամբ չեզոքացվում են տուփի ներսում եւ այլեւս կենսաբանական վտանգ չեն ներկայացնում, իսկ լցված տոպրակը հերմետիկորեն փակվում է, դրանից օդը հանվում է, եւ այն ուտիլիզացվում է սովորական եղանակով, պարզաբանել են «Ռոստեխ»-ում:

«Սարքի պահանջարկը մեծ է, առաջին հերթին հետաքրքրություն է դրսեւորում հյուրանոցային բիզնեսը: Վստահ ենք, որ նման սարքավորումը պահանջարկ կունենա նաեւ տրանսպորտի, առեւտրի, բանկերի եւ սպասարկման ոլորտի այլ ձեռնարկություններում, որտեղ ամեն օր մեծ թվով մարդիկ են այցելում»,- ասում է «Ռոստեխ»-ի գործադիր տնօրեն Օլեգ Եվտուշենկոն:

Սոչիում «Ռոզա Խուտոր»-ը կլինի Ռուսաստանում առաջին հանգստավայրը, որը կներդնի անհատական պաշտպանության միջոցների առանձին հավաքման եւ ոչնչացման համակարգը: