Լիբանանը չունի բավարար ֆինանսական հնարավորություն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքները հաղթահարելու համար: Այսպիսի կարծիք է հինգշաբթի օրը հայտնել Լիբանանի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհեմը՝ Sky News Arabia հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:

«Լիբանանը չունի ֆինանսական հնարավորություններ` պայթյունի հետեւանքները հաղթահարելու համար: Մենք միջազգային հանրությունից օգնություն ենք խնդրում: Պայթյունի հետեւանքով պատճառված վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներ: Մեզ ժամանակ է պետք հասցված բոլոր վնասները գնահատելու համար»,- ասել է Նեհեմը:

Նա նաեւ հավելել է, որ «Լիբանանի համար միակ լուծումը համագործակցությունն է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»:

Միեւնույն ժամանակ, փորձագետների կարծիքով, վերականգնման եւ շինարարական լայնածավալ աշխատանքների սկիզբը դժվար թե նպաստի Լիբանանի ամբողջ տնտեսության վերագործարկմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ The Wall Street Journal թերթի՝ դա կապված է ներմուծման, այդ թվում՝ շինանյութերի վրա լիբանանյան տնտեսության կողմնորոշման հետ, ինչպես նաեւ այն փաստի հետ, որ պայթյունը ոչնչացրել է առանցքային ենթակառուցվածքային օբյեկտ, որը ծառայում էր ներմուծմանը: