Շաբաթ օրը մեկնում եմ Լիբանան՝ Բեյրութ, և տեղում շատ ավելի իրատեսորեն կծանոթանամ իրավիճակին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստան գալ ցանկացող հայերի մասին հարցին:

«Այս պահին թվում է, Հայաստան գալ ցանկացողների թիվը իրոք շատ մեծ է, բայց չկա այդ անձանց որևէ առարկայական, թվային հաշվարկ, ինչից մեր գործը մի քիչ դժվարանում է»,-նշեց Սինանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստան ֆիզիկապես գալու խնդիր կա այն մարդկանց համար, որոնք քաղաքացիություն չունեն կամ կացության կարգավիճակ չունեն. «Իրենց համար էլ պետք է միջոց գտնենք, որ կարողանան հայրենիք գալ: Դա բացարձակ օրինական իրավունք չի, բայց ցանկացած հայի համար բացարձակ բարոյական իրավունք է»,-նշեց Սինանյանը:

Հարցին, թե այս պահին քանի՞ քաղաքացի է դիմել՝ Հայաստան գալու համար, Սինանյանը պատասխանեց, որ ուղղակիորեն դիմողներ կան, սակայն ավելի շատ անուղղակի դիմողներն են, որոնց վերջնական պատկերը պարզ կլինի իր՝ Բեյրութ կատարվելիք այցից հետո:

Հարցին ինչպե՞ս են լուծվելու Լիբանանից Հայաստան եկած հայերի կեցության հարցերը, Սինանյանը նշեց. «Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, երևի ամենաբարդ հարցն է, և բնական է՝ տրամադրված ենք այդ հարցին լուծում տալ: Հայաստան եկող ոչ մի հայ առանց կեցության վայրի չպետք է մնա, հետևաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Զարեհ Սինանյանը: