Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է ֆրանսիացի ճարտարապետ Ժան Մարկ Բոնֆիսը, վիրավորվել են եւս 24 ֆրանսիացիներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի իշխանություններին:

Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյունը տեղի ունեցել երեքշաբթի երեկոյան: Ըստ իշխանությունների, պատճառը 2700 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումն է։ Քաղաքի շենքերի կեսը վնասվել է, հիվանդանոցները ծանրաբեռնված են տուժածներով: Վերջին տվյալներով՝ մահացել է 135 մարդ, վիրավորվել մոտ 5000 մարդ, շատերը համարվում են անհայտ կորած:

«Ֆրանսիացի ճարտարապետ Ժան Մարկ Բոնֆիսը զոհվել է Բեյրութում տեղի ունեցած սարսափելի աղետի ժամանակ»,- Twitter-ում գրել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բապտիստ Լեմուանը, խոսելով France Info ռադիոկայանի եթերում, ասել է, որ Ֆրանսիայի 24 քաղաքացի է վիրավորվել, նրանցից երեքը ծանր վնասվածքներ են ստացել: