Բազմաթիվ երկրներ ապաստանեցին եւ օգնեցին հայ ժողովրդին Ցեղասպանության ժամանակ, բայց Լիբանանն այս առումով հատուկ երկիր է: Լիբանանը միշտ եղել է այն երկիրը, որտեղ զարգացել է հայկական ազգային մշակույթն ու մտածելակերպը: Այս մասին, օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոչեկյանը:

Նա ցավակցություն հայտնեց Լիբանանի ժողովրդին՝ ընդգծելով, որ այս երկրում զարգացել են հայ ժողովրդի կրոնական եւ շատ այլ ազգային հատկանիշներ: «Այնտեղ ակտիվորեն զարգանում էին բազմաթիվ քաղաքական, ազգային, մշակութային եւ բարեգործական միություններ: Այնտեղ հիմնադրվել են բազմաթիվ կենտրոններ, եւ տեղի ունեցածը ծանր հարված էր բոլորիս համար: Դա լուրջ հարված է ողջ հայ ժողովրդին եւ չի սահմանափակվում միայն Լիբանանի համայնքով»,- ընդգծեց Պեոչեկյանը՝ հավելելով, որ իրենք ցանկանում են ցավակցություն հայտնել ոչ միայն երկրի հայ համայնքին, այլեւ Լիբանանի ողջ ժողովրդին: