2020 թվականի հունիսի 18-ին ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրվել է հայտարարություն՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներգրավելու նպատակով մրցույթ հայտարարելու մասին: Այս մասին հայտնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Կազմակերպությունը, ունենալով երկարամյա փորձ եւ մասնագիտացված լինելով դատաիրավական ոլորտի մոնիթորինգի, դատական համակարգի գնահատման, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացման ծրագրերում, մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել մրցույթային հանձնաժողովին՝ առաջադրելով կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը:

2020 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ Հանձնաժողովի կողմից որոշում է կայացվել Կազմակերպության կողմից ներկայացված դիմումը եւ կից փաստաթղթերը վերադարձնել՝ թույլ տրված թերությունները շտկելու համար: Որոշման հիմնավորման մեջ նշվել է, որ Կազմակերպության կողմից ներկայացված փաստաթուղթը չի համապատասխանում  «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով բանավոր հայտարարության հաստատմանը ներկայացվող պահանջներին:

2020 թվականի հուլիսի 3-ին Կազմակերպության նախագահի կողմից հանձնաժողով է ներկայացվել փոփոխված փաստաթղթերի փաթեթը:

Հանձնաժողովը, ուսումնասիրելով Կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերը, արձանագրել է, որ Թեկնածուի ներկայացրած՝ նոտարական կարգով հաստատված բանավոր նոր հայտարարությունը համապատասխանում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի  բանավոր հայտարարության պահանջներին, սակայն փոփոխության արդյունքում այն չի բավարարում 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշման Հավելված 1-ի 3-րդ կետի պահանջներին: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կազմակերպությունը ամբողջովին համապատասխանում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանած չափանիշներին եւ հանդիսանում է մասնագիտական գործունեություն ծավալող բացառիկ ոլորտային կազմակերպություն, ինչպես նաեւ հիմք ընդունելով Թեկնածուի՝ բովանդակային պահանջներին ամբողջությամբ բավարարելու հանգամանքը՝ 2020 թվականի հուլիսի 10-ին Կազմակերպության կողմից Մրցութային հանձնաժողով է

ներկայացվել բողոք՝ խնդրելով կրկին անգամ դիտարկել Կազմակերպության հայտը՝ առաջնահերթություն տալով բովանդակային պահանջների բավարարմանը, եւ զերծ մնալ ձեւական պահանջները չարաշահելուց:

Ներկայացված բողոքի հիման վրա 2020 թվականի հուլիսի 15-ին Հանձնաժողովի կողմից անց է կացվել լսում հարուցված վարույթի շրջանակներում, որին մասնակցել են Կազմակերպության նախագահը եւ առաջադրված թեկնածուն: Ներկայացված բողոքի եւ դրա հիմքով իրականացված լսման արդյունքում Հանձնաժողովը որոշել է Կազմակերպության նախագահի կողմից ներկայացված բողոքը կրկին մերժել եւ 06.07.2020 թվականի իր որոշումը թողնել անփոփոխ:

Բողոքարկում դատական կարգով

2020թ. հունիսի 23-ին Կազմակերպության նախագահի կողմից հայցադիմումներ են ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որոնցով պահանջվել է՝

Պարտավորեցնել բավարարել Կազմակերպության կողմից Մրցույթային հանձնաժողովին ներկայացված դիմումը եւ Կազմակերպության հայտը ներկայացնել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին,

Հանձնաժողովին պարտավորեցնել որոշում կայացնել Կազմակերպության ներկայացուցչի՝ որպես հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածությունը ՀՀ դատավորների ընդհանուր ժողով ներկայացնելու վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ ներկայացվել են հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ:

2020թ. հուլիսի 24-ին թիվ ՎԴ/4527/05/20 գործով ՀՀ Վարչական դատարանի կողմից որոշում է կայացվել Կազմակերպության հայցադիմումն ընդդեմ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով ձեւավորված մրցութային հանձնաժողովի, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ մրցութային հանձնաժողովի կազմակերպության ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը՝ որպես Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու, Դատավորների ընդհանուր ժողով ներկայացնելու վերաբերյալ որոշում կայացնել պարտավորեցնելու պահանջի մասին, ընդունել վարույթ:

2020թ. հուլիսի 28-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի կողմից որոշում է կայացվել հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ, որով

Դատարանը պարտավորեցրել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական

հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով

ձեւավորված մրցույթային հանձնաժողովին կայացնել Կազմակերպության ներկայացուցչի թեկնածությունը ՀՀ դատավորների ընդհանուր ժողով ներկայացնելու վերաբերյալ որոշում:

2020 թվականին հուլիսի 31-ին տեղի ունեցած Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի անդամներ են ընտրվել, որպես դատավոր չհանդիսացող անդամներ՝ Սյուզաննա Սողոմոնյանը, Դավիթ Հակոբյանը, դատավոր հանդիսացող անդամներ՝ Ելիզավետա Դանիելյանը, Սերգեյ Մարաբյանը, Արման Հովհաննիսյանը, Հովիկ Շահնազարյանը, Մերի Համբարձումյանը, Լիլիթ Կատվալյանը:

Տեղեկացնում ենք, որ մրցույթի ընթացքը, անցկացման կարգն ու ընտրության արդյունքների ամփոփումը շարունակում են ուսումնասիրվել Կազմակերպության կողմից, ինչի կապակցությամբ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող դատական գործին զուգահեռ կներկայացվեն նոր պահանջներ եւ հայցեր:

Կազմակերպությունը հընթացս հանդես կգա լրացուցիչ տեղեկություններով դատական գործընթացների վերաբերյալ: