Երեւանում ախտահանումը ոչ պատշաճ կերպով է կազմակերպվել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի անդամ Ժիրայր Պեոչեկյանը:

Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ տներից, որտեղ գրանցվել են կորոնավիրուսից մահվան դեպքեր, զանգեր են ստացվել քաղաքապետարան, քաղաքացիներն ասել են, որ իրենց տներն ու հարակից փողոցները չեն ախտահանվել:

Նա նշեց, որ մի քանի օր շարունակ քաղաքային իշխանություններն ու համատիրությունները պարզապես անտեսել են քաղաքացիների խնդրանքը:

«Առողջապահության նախարարությունը նույնիսկ քարտեզներ է հրապարակել, որոնց վրա նշված են համավարակի օջախները, սակայն համատիրություններն այդ քարտեզները չեն ստացել եւ վարակված մարդկանց այդպես էլ օգնություն չի ցուցաբերվել»,-ընդգծեց Պեոչեկյանը: