Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր` օգոստոսի 6-ին, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Նշենք, որ դատական նիստին չէին ներկայացել գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանը եւ Գեւորգ Հարությունյանը։

Նիստի ժամանակ նախագահող դատավոր Վահե Միսակյանն ընթերցեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիմումը։

«Ինքնազգացողության վաթտարացմամբ պայմանավորված թագավարակով վարակված լինելու որոշակի կասկածներ ունենալու պատճառով այսօր «Նաիրի» բկ-ում հանձնել եմ թեստ, որի պատասխանը դեռեւս չեմ ստացել։ Խնդրում են սույն գործով դատական նիստը հետաձգել եւ նշանակել այլ օր»,- ասվում էր դիմումում։

Մակինյանը ներկայացված դիմումին կից ներկայացրել էր «Նաիրի» բկ-ի հետազոտության ուղեգիրը, ինչպես նաեւ պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման երկրորդ հավելվածը։

Դատավոր Միսակյանն ընթերցեց նաեւ Սերժ Սարգսյանի մյուս պաշտպան Ռուբեն Հակոբյանի դիմումը, որով նա խնդրում էր դատարանին հարգելի ճանաչել Սերժ Սարգսյանի՝ դատարան չներկայանալը։

«Համավարակի շարունակական աճի պայմաններում ակնհայտ է, որ սույն քրեական գործով դատական նիստերի քննությունը այս դահլիճում առնվազն 15 անձանց մասնակցությամբ, որից 4-ը տարիքային ռիսկային բարձր խմբում գտնվողներ են, անցակացման դեպքում խախտվել է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձնանց բարենպաստ շրջակա միջավայրի եւ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունքը չի ապահովել ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման 3-րդ եւ 4-րդ հոդվածներով սահմանված բնակչության առողջության պահպանմանն ուղղված անվտանգության կանոնների պահպանումը։ Դատավարության առողջության համար կենսական նշանակություն ունեցող հիշյալ կանոնները դեռեւս լիարժեք չապահովելը գնահատելով որպես դատական նիստին ներկայանալուն խոչընդոտելու հանգամանք, այդ պատճառով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօրվա դատական նիստին չի կարող ներկայանալ, խնդրում ենք, որ Սերժ Սարգսյանի չներկայանալը համարել հարգելի»։

Վահե Միսակյանն ասաց, որ պաշտպանների այն պնդմանը, թե կորոնավիրուսի աճի տեմպերով պայմանավորված դատական նիստերը պետք է հետաձգվեն, չհամաձայնեց. «Ի համեմատ նախորդ դատական նիստին, հրապարակված տվյալները վկայում են հակառակի մասին։  Դինամիկան ավելի շատ նվազման է գնում, քան աճի։

Այնուամենայնիվ դատավարության կողմերը չառարկեցին նիստը հետաձգելու հետ կապված միջնորդությունը։

Դատարանն անհարգելի համարեց դատական նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը։

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա եւ Սերժ Սարգսյանն առերեսվել են։