Թայվանում միջազգային թռիչքները արգելված են՝ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Ավիաընկերությունների հնարամիտ սեփականատերերը ելք են գտել այն ուղեւորների համար, որոնք ձանձրացել են ինքնաթիռով ճանապարհորդելու հնարավորությանը սպասելով, գրում է Bazaar-ը:

Այժմ տեղի բնակիչներին առաջարկվում են ուղեւորություններ դեպի «ոչ մի տեղ»՝ չվերթը մեկնում է Թաոյուանի օդանավակայանից, թռչում է երկրի կամ հարեւան պետությունների վրայով, այնուհետեւ պարզապես վերադառնում է: StarLux Airlines-ը ընդամենը հինգ րոպեում վաճառել է բոլոր 188 տեղերը: Առաջին ինքնաթիռը վաղը կբարձրանա երկինք՝ այն կթռչի Թայվանի արեւելյան ափի վրա՝ ուղեւորվելով դեպի Ֆիլիպիններ, այնուհետեւ կվերադառնա նույն հետագծով: Թռիչքի ուղեւորներին Michelin ռեստորանի ճաշատեսակներ կառաջարկվեն:

Մեկ այլ ավիաընկերություն՝ EVA Air-ը, վաճառել է բոլոր 309 տոմսերը, այս թռիչքը տեղի կունենա օգոստոսի 8-ին եւ կնվիրվի Հայրիկի օրվան, որը նշում են տեղի բնակիչները: Ինքնաթիռը կմոտենա ճապոնական Ռյուկյու կղզիներին, այնուհետեւ կվերադառնա Թայվանի արեւելյան ափի երկայնքով: China Airlines-ը ավելի հեռուն է գնացել եւ սկսել է հատուկ թռիչքներ գործարկել 6-10 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար: Երեխաները կկարողանան փորձել իրենց բորտուղեկցորդների դերում։