Լիզինգի պայմաններն ու ընթացակարգերը պարզեցնելու համար փոփոխությունները կհանգեցնեն շուկայի ծավալների կրկնակի կամ նույնիսկ եռակի մեծացման: Այս մասին, օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

Նա պարզաբանեց, որ այսօր վարկային ընդհանուր պորտֆելը կազմում է մոտ 4 տրիլիոն դրամ, եւ դրանից 200-300 միլիարդ դրամը վերցվել է գույք ձեռք բերելու նպատակով: «Սա հուշում է, որ լիզինգի իրական պահանջարկը 10 անգամ ավելին է գոյություն ունեցողից: Նախաձեռնված փոփոխությունները ուղղված են խոչընդոտների վերացմանը, ինչը շատ կարեւոր է ոլորտի զարգացման համար: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում լիզինգի տրամադրման պայմանների փոփոխությունները հանգեցրել են նրան, որ այս տարի արդեն իսկ 56 գործարք է կնքվել՝ անցյալ տարվա 33 գործարքների դիմաց»,- ասաց պաշտոնյան:

Ձեռնարկատիրության աջակցության գրասենյակի խորհրդատու Իզաբելլա Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը ենթադրում է Քաղաքացիական եւ Հարկային օրենսգրքերի փոփոխություններ, որոնց արդյունքում կկարգավորվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են գույքահարկի վճարումները, ավելացված արժեքի հարկի վճարումները, երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքները եւ այլն: «Բացի այդ, էական է գույքահարկի փոփոխությունը, որը կթեթեւացնի ֆինանսական բեռը լիզինգի տրամադրման դեպքում, ինչպես նաեւ հավասարաչափ կբաշխի միջոցները Հայաստանի բոլոր մարզերում: Լիզինգի սխեման, որը նման է գույքադրմամբ կամ հիփոթեքային վարկով ապահովված վարկի տրամադրմանը, նախատեսված է ոչ թե Կենտրոնական բանկի նորմատիվ փաստաթղթերում, այլ օրենքում: Փոփոխությունները թույլ են տալիս իրականացնել երկրորդային եւ կրկնակի լիզինգի գործարքներ: Դա կհանգեցնի նրան, որ բանկերը եւ ֆինանսական հաստատությունները կկարողանան լիզինգով կրկնակի հանձնել, օրինակ, գյուղտեխնիկա: Լիզինգային գույք ձեռք բերելու դեպքում ավելացված արժեքի հարկը չի հաշվարկվելու, եւ դրա օգտագործման ժամանակահատվածի համար գույքահարկը կամ, օրինակ, տուգանքները վճարելու է լիզինգ ստացողը, քանի որ նա կհամարվի պատասխանատու: Այս ամենը կբարձրացնի հաճախորդների համար լիզինգի գրավչությունը եւ բանկերի հետաքրքրությունը ոչ միայն առաջարկելու վարկեր, ինչպես դա հաճախ է պատահում այսօր, այլեւ այս ֆինանսական գործիքը»,- ընդգծեց նա:

Հովհաննիսյանը հավելեց, որ բիզնեսի համար ֆինանսների հասանելիության սահմանափակումը ակնհայտ է դարձել արդեն 2015-ին, երբ բանկերը հիմնականում սկսեցին միայն վարկեր առաջարկել: «Այսօր 17 բանկերից եւ 32 վարկային կազմակերպություններից միայն 8 ֆինանսական կառույցներ են լիզինգ տրամադրում: Լիզինգի շուկայում ինքնին կա երեք խոշոր խաղացող, որոնցից մեկը վերահսկում է շուկայի 79%-ը, երկրորդը՝ 16%-ը, իսկ երրորդը՝ 3%-ը: Միասին վերցված մյուս հինգ ֆինանսական կառույցները ներկայացված են 3%-ի մակարդակում: Փոփոխությունները թույլ կտան փոխել առկա պատկերը եւ խթան հանդիսանալ Հայաստանում այս ֆինանսական գործիքի զարգացման համար»,- եզրափակեց նա: