ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակից ոչ մի օբյեկտ չի տուժել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել են միջազգային կառույցի մամուլի ծառայությունից։

«Պայթյունի հետեւանքով տուժած գոտում չկա ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Բեյրութում մեր գրասենյակի հետ այժմ գնահատում ենք այն վնասները, որոնք հասցվել են թանգարաններին եւ ազգային մշակութային օբյեկտներին»,- ասել են գործակալությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Նաեւ նշել են, որ կազմակերպության գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն «իր ցավակցությունն է հայտնել այս ողբերգության զոհերի հարազատներին եւ ողջ լիբանանյան ժողովրդին»: Նա հավաստիացրել է, որ միջազգային կառույցը «պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել երկրի համար շատ դժվարին այս ժամանակահատվածում»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված լիբանանյան օբյեկտներից են Անջար քաղաքում Վալիդ Առաջինի պալատի ավերակները եւ հարակից տարածքը, ինչպես նաեւ Բաալբեկ հին քաղաքը: Այս տեսարժան վայրերը տեղակայված են Բեկաայի հովտում: