2020թ․օգոստոսի 5-ին «Ռոստելեկոմ» ընկերությունը «Գավառի Պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ին տրամադրեց 1,500,000 դրամ ֆինանսական աջակցություն՝ պոլիկլինիկայի բուժանձնակազմին որպես պարգևավճար փոխանցելու նպատակով։

Պոլիկլինիկայի տնօրեն Պարույր Կուռոյանի կողմից ներկայացվեց համավարակի պայմաններում պոլիկլինիկայի աշխատանքը, ինչպես նաև կազմակերպիչները մանրամասնեցին նախաձեռնությունը և իրենց երախտիքի խոսքը հայտնեցին բուժանձնակազմին՝ կատարվող անձնվեր աշխատանքի համար։

«Այս տարին վստահորեն բուժաշխատողինն է։ Մեր ընկերությունը բարձր է գնահատում մեր բոլոր բուժաշխատողների բարդ և պատասխանատու աշխատանքը հատկապես համավարակի պայմաններում, և մեր կողմից տրամադրվող աջակցության միջոցով փորձում ենք որոշ չափով մեր երախտիքը հայտնել այն դժվարին աշխատանքի դիմաց, որը նրանք կատարում են այսօր։ Հույս ենք հայտնում, որ բոլոր ջանքերը արդյունք կտան, և շատ շուտով կհաղթահարենք համավարակը։ Շնորհակալ ենք և առողջություն ենք մաղթում բոլորին»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը և Գավառի պոլիկլինիկայի բուժանձնակազմը։

«Մեր բուժաշխատողները այսօր վտանգավոր ճակատում են և մարտնչում են չերևացող վարակի դեմ։ Շնորհակալ եմ «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությանը՝ ի դեմս գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի՝ համավարակի այս ծանր շրջանում Գավառի պոլիկլինիկայի աշխատակիցների կողքին լինելու և խրախուսելու համար»,-նշեց նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ COVID-19-ի տարածման առաջին իսկ ամիսներից «Ռոստեկեկոմ»-ը մի շարք քայլեր է ձեռնարկել՝համավարակի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով, ինչպես նաև համագործակցել բուժհաստատությունների և կարատինային վայրերի հետ՝ տրամադրելով անվճար ինտերնետ հասանելիություն և բարձրացնելով ինտերնետի թողունակությունը այդ վայրերում։