Երեւանում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին: Այսօր լրանում է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 75-րդ տարին:

Միջոցառումը կազմակերպվել է «Հիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառումն ընթացել է Երեւանի մանկական զբոսայգու Խաղաղության քար հուշարձանի մոտ։ Սա ատոմային պայթյունի էպիկենտրոնից 200 մ հեռավորության վրա գտնվող Այոի գետափով անցնող երկաթուղային գծի սալարկից հանված 188 քարերից մեկն է։

Մասնակիցներին դիմել է «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, ինչպես նաեւ ընթերցվել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադիի ուղերձը: Դիլիջանի միջազգային դպրոցի նախկին ուսանող Կենտո Սուզուկին դուդուկով հայկական երաժշտություն է նվագել:

«Թող Նագասակին դառնա վերջին քաղաքը, որն ատոմային ռմբակոծություն է տեսել»,-միջոցառումը Նագասակիի քաղաքապետ Տոմիհիսա Տաուեի խոսքով ավարտել է Կարինե Փիլիպոսյանը:

1945 թվականի օգոստոսի 6-ին ամերկյան «Էնոլա Գեյ» ռմբակոծիչը գնդապետ Փոլ Թիբեթի հրամանատարությամբ Հիրոսիմայի վրա «Փոքրիկ» անունով 4 տոննա ուրանային ռումբ է գցել: Պայթյունի հետեւանքով վայրկենապես 70-100 հազար մարդ է զոհվել: Մինչեւ 1945 թվականի վերջը մահացածների թիվը հասել է 140 000-ի: Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ն երկրորդ ռումբն է գցել Նագասակի քաղաքի վրա: Զոհվել է 60-80 հազար մարդ: