Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Լիբանան: Այցի ընթացքում նա շրջել է Բեյրութի փողոցներով, որոնք ավերվել են նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով: Մարդկանց պահանջել են վերջ տալ քաղաքական գործիչների «ռեժիմին»` նրանց մեղադրելով կոռուպցիայի եւ Լիբանանը աղետի հասցնելու համար:

«Ես զգացմունքներ եմ տեսնում ձեր դեմքին, տխրություն, ցավ: Դրա համար եմ ես այստեղ»,- ասել է Մակրոնը մի խումբ լիբանանցիներին` սեղմելով նրանց ձեռքերը: «Քաղաքական փոփոխություններ են անհրաժեշտ: Այս պայթյունը պետք է նոր դարաշրջանի սկիզբ դառնա»,- ասել է Մակրոնը:

Ամբոխից բղավոցներ էին հնչում. «Հեղափոխություն», «ժողովուրդը ռեժիմի անկում է ցանկանում»: «Եկեք մեզ կառավարելու»: «Մենք հույս ունենք, որ այս օգնությունը կհասնի լիբանանյան ժողովրդին, այլ ոչ թե` կոռումպացված առաջնորդներին»,- ասել է մի մարդ Մակրոնին: «Պարոն Նախագահ, դուք գեներալ Գուրոյի փողոցում եք, նա մեզ ազատել է օսմանցիներից: Ազատեք մեզ գործող իշխանություններից»,- ասել է մյուսը:

Մակրոնը խոստացել է կոչ անել լիբանանյան առաջնորդներին «նոր քաղաքական գործարքի» գնալ եւ «փոխել համակարգը, դադարեցնել Լիբանանի բաժանումը եւ պայքարել կոռուպցիայի դեմ»:

Պայթյունի հետեւանքով վնասված դեղատուն այցի ժամանակ Մակրոնը հավաքվածներին ասել է. «Ես հասկանում եմ ձեր զայրույթը: Ես այստեղ չեմ, որպեսզի քարտ բլանշ տամ… ռեժիմին»:

Reuters-ի, AFP- ի նյութերով