ՀՀ ԱԺ փոխխոսնակը իր կամքով եւ ցանկությամբ է խնդրել Հատուկ քննչական ծառայությանը իրեն ենթարկել դատահոգեբանական փորձաքննության՝ աֆեկտի առկայությունը ստուգելու համար, իսկ փորձագետը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել աֆեկտի առկայությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«ՀՀ ԱԺ փոխխոսնակը իր կամքով եւ ցանկությամբ է խնդրել Հատուկ քննչական ծառայությանը իրեն ենթարկել դատահոգեբանական փորձաքննության՝ աֆեկտի առկայությունը ստուգելու համար, իսկ փորձագետը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել աֆեկտի առկայությունը: Հետեւաբար՝ գտնում եմ, որ վիրավորական չի լինի, եթե ես ու Դանիելյան Արթուրը միջնորդենք քննիչին կատարել ավելի խորը եւ համապարփակ հետազոտություն եւ նշանակել պ-ն Ա.Սիմոնյանի վերաբերյալ համալիր դատահոգեբուժական-դատահոգեբանական ստացիոնար փորձաքննություն, ինչպես դա նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 108 եւ 251 հոդվածներով»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ այս տարվա ապրիլի 29-ին տեղի է ունեցել միջադեպ։

Վերջիններիս  հաղորդումների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ն գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի (Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով)) եւ 117-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը)։