Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Գագիկ Խաչիկյանը։

«Առաջադրված կասկածանքն իրականության հետ բացարձակ կապ չունի»,- ասաց նա։

Պաշտպանն ասաց, որ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք չի առաջադրվել։

Նշենք, որ քիչ առաջ ՀՔԾ-ն այդ առնչությամբ տարածեց հայտարարություն։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանն առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: