Ոստիկանությունն այսօր՝ օգոստոսի 6-ին, թույլ չտվեց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին, երբ նրանք դեռ նոր էին սկսում հավաքվել Կառավարության դիմաց եւ պաստառներով կանգնած էին: Ակտիվիստները նույնիսկ բարձրախոսով կոչ հնչեցնելու հնարավորություն չունեցան. Երեւանի փոխոստիկանապետի հրամանով բոլորը բերման ենթարկվեցին, այդ թվում 2 իրավապաշտպան: Ընդամենը րոպեներ անց Կառավարության դիմաց մնացին ոստիկաններն ու ԶԼՄ ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 20-ին հարուցվել էր քրեական գործ` Ամուլսարի հանքավայրի շահագործման հետեւանքով բնությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու փաստով։

Նույն քրեական գործի շրջանակներում ավելի ուշ նշանակվեց նաեւ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համալիր փորձաքննություն, որի իրականացումը հանձնարարվեց «ԷԼԱՐԴ» ընկերությանը։

Հայաստանում իշխանափոխությունից հետո դադարեցվել է, հարուցվել է քրեական գործ` չարաշահումների եւ բնապահպանական օրենսդրության խախտումների փաստով։

Կառավարության հրավերով հանքի տարածքում միջազգային բնապահպանական փորձաքննություն է իրականացվել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանքը չի շահագործվի, քանի դեռ փորձաքննությունը դրական եզրակացություն չի տվել։