Ծառայողական քննություն է նշանակվել Ամուլսարի ակցայի մասնակցին վրաերթի ենթարկելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասաց Վայոց Ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ամուլսարում կրկին լարված իրավիճակ էր։ Ոստիկանները բերման էին ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Այդ լարված իրավիճակում, երբ ոստիկանները ոստիկանության բաժիններ էին տանում քաղաքացիներին, ոստիկաններից մեկը վրաերթի էր ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին։ Նա ոտքի վնասվածք էր ստացել։

Նշենք, որ երեկվա ակցիայի ժամանակ մեծ թվով ոստիկանական ուժեր էր կենտրոնացվել Ամուլսարում։

Այսօր համամետած երեկվա ավելի քիչ թվով ոստիկաններ են կենտրոնացված Ամուլսարում։

«Հասարակական կարգի պահպանման եւ անվտանգության ուղղությամբ ցանկացած միջոցառում պլանավորվում է այնպես որ յուրաքանչյուր զարգացում կարողանանք կանխել»,- լրագրողներին ասաց մարզի ոստիկանապետը։

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսն այսօր եկել են իրենց երեխաների հետ։

Նրանք արդեն երրորդ օրն է՝ երեք պահանջ են ներկայացնում։ Առաջինը՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայության վագոն-տնակները 30 մետր հեռացնել տարածքից, ընկերության պահնորդական խմբի դուրս հանումը Ամուլսարի տարածքից եւ Կառավարության կողմից հստակ որոշում՝ Ամուլսարի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել  ու փոխարենը դրել է իրենցը:

Նշենք, որ արդեն 2 օր է՝ Ամուլսարում իրավիճակը լարված է, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փորձել են տեղաշարժել «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական խմբի կողմից Ամուլսարի իրենց վարձակալած տարածքում տեղադրված վագոն-տնակները։

Ակցիայի մասնակիցները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը։ Դեպքերին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մարզի ոստիկանապետը։

Ոստիկանության ավտոմեքենան անցել է ակցիայի մասնակցի ոտքի վրայով. նա վնասվածք է ստացել. Ամուլսարում վիճակը լարված է