Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հերթական հնչեղ ձերբակալությունը։ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայությունից հաստատել են Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի  ձերբակալության փաստը։ Ըստ մամուլի՝ նախքան ձերբակալությունը, նրանից պահանջել են, որ ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը, սակայն Նազարյանը հրաժարվել է պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում: Ավելի ուշ ՀՔԾ-ն պարզաբանել է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում նա արտոնություն է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող ՀԷԿ-ի համար։

Նույն օրը շարունակվում էր երրորդ նախագահի ու մյուսների գործով դատական նիստը, որին Սերժ Սարգսյանը եւ մյուս մեղադրյալ Գեւորգ Հարությունյանը ներկա չէին։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիմում է ներկայացրել, որ իր պատպանյալը, ինքնազգացողության վաթտարացմամբ պայմանավորված թագավարակի թեստ է հանձնել, դեռ պատասխանը չունի եւ խնդրում է նիստը հետաձգել։ Դատարանն անհարգելի է համարել նիստին Սերժ Սարգսյանի բացակայությունը եւ հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 3-ին։

Բեյրութի նավահանգստի պայթյունից զոհվել է 11  հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, կան անհետ կորածներ: Զոհվածների մեծ մասի անունները  հայտնի են, զգալի թիվ են կազմում երիտասարդ աղջիկները։ Ընդհանուր առմամբ՝ պայթյունից զոհվել է 137 մարդ, 5 հազարից ավելին վիրավոր է, 80-ն անհետ կորած են։ Լիբանանի իշխանությունը տնային կալանքի է ենթարկել նավահանգստի ղեկավարությանը՝ մինչեւ հետաքննության ավարտը։ Լիբանանցիներին զորակցելու համար Բեյրութ է ժամանել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ արտգործնախարարությունը եւ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը մշտական կապի մեջ են Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների ղեկավարների հետ՝ Լիբանանին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Ըստ նրա՝  հնարավորինս արագ՝ հատուկ չվերթով Բեյրութ կուղարկվի  դեղորայք, բուժսարքավորումներ, սնունդ եւ այլ պարագաներ: Ի դեպ, հանրակրթության աղմկահարույց չափորոշիչների թեմայով  Փաշինյանը հայտարարել է, որ նախագիծն արտահայտում է կառավարության ռազմավարական պատկերացումները և որևէ բան չի շեղելու իրենց ճանապարհից։

Հանրապետության նախագահի հրամանագրով Հայկ Մհրյանն ազատվել է Հայաստանի  ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ ազատման դիմում է գրել նաեւ մյուս փոխոստիկանապետ Տիգրան Եսայանը։

Հայտնի է ռազմական ոստիկանության նոր պետի անունը։ Վարչապետի առաջարկով այդ պաշտոնին նախագահ Արմեն Սարգսյանը նշանակել է Աշոտ Զաքարյանին։

Երեկ կեսգիշերն անց Ամուլսարում բողոքի ակցիայի մասնակիցները ցրվել են՝  խոստանալով այսօր նորից հավաքվել: Ոստիկանության մեքենան տրորել էր մասնակիցներից մեկի ոտնաթաթը, նրան բուժօգնություն են ցույց տվել։ Բերման ենթարկվաներին հանդիպել են երկրի օմբուդսմենի գրասենյակի արագ արձագանքման խմբերը։ Ցուցարարները որոշակի պատասխան են պահանջում կառավարությունից, որը դեռ չի արձագանքում Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձություններին։ 

Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները՝  վարչապետ Փաշինյանին հասցեագրված հայտարարությունում շեշտում են, որ  50-100 ցուցարար՝ այդ թվում Երեւանից տարբեր քաղաքական գործիչներ, աղմուկ-աղաղակով ոչնչացնում են իրենց աշխատանքի հույսերը ։ Այն, ինչ այսօր կատարվում է Ամուլսարի շուրջ՝ երկու տարվա անտերության ու անիշխանության հետեւանք է, մեր համայնքներում չկա օրենք, չկա պետություն, չկա ապրուստի միջոց, գրել են նրանք։

Պարետատան նիստից հետո երեկ երեկոյան կայացած ճեպազրույցում պարետ Տիգրան Ավինյանն ասել է, թե որոշում է ընդունվել եւս մեկ ամսով երկարաձգել արտակարգ դրությունը։ Սակայն կարող են վերանայվել երկիր օտարերկրացիների մուտքի սահմանափակումները, արտադրանքի արտահանումը եւ հանրահավաքների ու հանրային  միջոցառումների, ինչպես նաեւ դասերը վերսկսելու հնարավորությունը:

Ճեպազրույցի վերջում,  «կորոնավիրուս չկա» ասող մարդկանց տեղորոշելու՝  վարչապետի հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ լրատվամիջոցներից մեկի հարցին ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պարզվել են այդ տիպի քարոզչություն են ծավալող մարդիկ ու շրջանակները:

Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումը ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ, համոզված է «Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահը։ Էդմոն Մարուքյանը  ֆեյսբուքում գրել է, որ Արտակարգ դրության երկարաձգումը որևէ այլընտրանք իրագործելու անընդունակ կառավարության խայտառակ որոշում է։

Հայաստանում մահացել է 1000 կորոնավարակակիր։ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 233 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ: Վարակակիրների թիվը մոտենաում է 40 հազարին: COVID-19-ով վարակվածների ցուցանիշով Հայաստանն աշխարհում 11-րդն է։

Վարակի ներթափանցումը Զինված ուժեր կանխելու համար պաշտպանության նախարարությունը  զինծառայողների ծնողներին տեղեկացնում է, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Հանձնաժողովին տեղակացվել է, որ նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թեւանյանը։

Թորոսյանի նշանակումից հետո գերատեսչությունը «Միբսի» հետ  կնքել է 124 միլիոն դրամի 5 պայմանագիր, մինչեւ այդ Թորոսյանն ու Վարդանուշ Թեւանյանը մի քանի անգամ իրար փոխարինել են «Միբսի» տնօրենի պաշտոնում։  

«Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ապրիլի 29-ի ծեծկռտուքի տեսանյութը համացանցի հիթ է դարձել։ Միջազգայնագետ վերլուծաբան Աննա Աբրահամյանի՝ ֆեյսբուքում հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես են իրականում զարգացել իրադարձությունները:

Այս հաղորդումը Ալեն Սիմոնյանն արել էր ծեծկռտուքի ավարտին, ինչից հետո գործ է հարուցվել եւ տուժող է ճանաչվել խորհրդարանի փոխնախագահը

Արթուր Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը շեշտել է, որ աֆեկտի մասին հարցադրումով փորձաքննություն կարող է նշանակվել միայն մեղադրյալի նկատմամբ, հետեւաբար քրեական գործի նախաքննության ընթացքում դատահոգեբանական փորձաքննությունն ապօրինաբար է նշանակվել։ Այդ փորձաքննության եզրակացությամբ Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, մինչդեռ  նախաքննական մարմինը պնդում է, որ Սիմոնյանն առաջինը հարվածել է հոգեկան խիստ հուզմունքի պահին, իսկ եզրակացությունը չի փարատել քննիչների կասկածը։ Հօգուտ վկայի այդ կասկածը մեկնաբանելով  քննչական մարմինը պարզապես «ծաղրում է» իրավաբանական գիտությունը, գրել է Աթանեսյանը։

Կառավարության առջեւ ցույցի եկած մի քանի  խմբերից մեկն այսօր սար թաղի բնակիչներն էին։ Նրանք պնդում են, որ 10 տարուց ավելի իրենց տների տակով ընդերքային ջրեր են հոսում, խարխլում տները՝ փլուզման վտանգ առաջացնելով։ Որոշ տների պատեր արդեն քանդվել են։ Իրենց բողոքներին ի պատասխան թաղապետարանն ու  քաղաքապետարանը մեկը մյուսի մոտ է ուղարկում մարդկանց։  

Մզկիթի վերափոխված Ստամբուլի Սուրբ Սոֆիայի  տաճարի մուեզինն ընդամենը մի քանի օր է հասցրել իսլամի հետեւորդներին նամազի կանչել։ Օսման Ասլանն օգոստոսի 2-ին մահացել է սրտի կաթվածից՝ հենց տաճարում: Իշխանությունները նրա մահը մի քանի օր գաղտնի են պահել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.34 դրամով եւ  կազմել 485.18 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է  0.26 դրամով  ու կազմել  575.37 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 1.83 դրամով ու հասել 639.27 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.04 դրամով  ու կազմել 6.62 դրամ:

Օգոստոսի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա: Երեւանում ւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի + 19 + 21, վաղը ցերեկը + 32 + 34 աստիճան: